«Կռիվներից հրաշքով էին պրծել տղաներս». բենզինի պահեստի պայթյունից 20 oր անց մայրը լուր չունի 2 որդիներից

14 Հոկտեմբերի 2023, 21:30

Հայեր

Ստեփանակերտում բենզինի պահեստի պայթյունից 20 օր անց Նաթելլա Մուսայելյանը տեղեկություն չունի որդիներից՝ 32-ամյա Վահանից եւ 28-ամյա Կարենից։ Տղաները Արցախից բռնի տեղահանվելու ճանապարհին գնացել էին վառելիք բերելու, բայց բենզինի պահեստում պայթյունի հետեւանքով նրանցից առ այսօր որեւէ լուր չկա։

Alpha News-ի հետ զրույցում տիկին Նաթելլան պատմել է Արցախից հարկադրված դուրս գալու եւ որդիների անհետանալու հանգամանքների մասին։

Նաթելլա Մուսայելյանի ընտանիքը Ասկերանի շրջանի Խնձրիստան գյուղից էր։ Նրա տղաները՝ Վահանն ու Կարենը զինվորականներ էին, մասնակցել էին 44-օրյա պատերազմին։ 2023թ․ սեպտեմբերի 19-ի՝ Ադրբեջանի հարձակման հետեւանքով Վահանը բեկորային վնասվածքներ էր ստացել, իսկ Կարենին հաջողվել էր անվնաս մնալ։

«Տղաներս հրաշքով էին պրծել 44-օրյայից։ Էս վերջին կռիվներից էլ հազիվ պրծան, աքլոր մատաղ արեցի, հաջորդ օրն արդեն ասեցին, որ պետք է տեղահանվենք, դուրս գանք մեր տներից։ Մեր մեքենայում տեղավորեցինք ամենաանհրաժեշտ իրերը, այդ թվում՝ նկարները, տղաներիս նվերները, որոնք ինձ համար շատ թանկ են ու ստիպված մեր տունը լքեցինք։ Ճանապարհին հերթի մեջ սպասում էինք, մեքենայի բենզինն էլ շատ քիչ էր, ասեցին, որ երկու կիլոմետր հեռավորության վրա բենզինի պահեստ կա, տղաներիս ասեցի, որ գնան բենզին բերեն։ Եղանակը շատ վատն էր, անձրեւ էր գալիս, ես էլ հարսներիս ու թոռներիս հետ սպասում էի, մեկ էլ տեսանք, որ շտապօգնության ու պաժառնու մեքենաներ են անցնում, դուրս եկա, հարցուփորձ արեցի, թե ինչ ա եղել, ասեցին, որ բենզինի պահեստում պայթյուն ա եղել, զոհեր ու վիրավորներ կան։ Մի քանի ժամ սպասեցինք, տղաներս չեկան, ոչ մի լուր չկար, զանգեցի Ստեփանակերտ, խնդրեցի մեր հետեւից գալ, որովհետեւ 4 տարեկան ու 9 ամսական թոռնիկներիս հետ դժվար էր էդտեղ մնալը։ Շփոթված դուրս եկանք մեքենայից, դռները բաց, անգամ չմտածեցինք, որ դռները փակենք, բանալին վերցնենք, շոկի մեջ էինք, առանց հասկանալու դուրս եկանք ու գնացինք Ստեփանակերտ։ Մեզ հետ վերցրել էինք միայն մի փոքր պայուսակ, որտեղ մեր փաստաթղթերն էին, հաջորդ օրը գնացին մեքենայի հետեւից, էն էլ մեքենան տեղում չէր, գողացել էին»,- պատմում է տիկին Նաթելլան։

Պայթյունից մահացածների, վիրավորների ցուցակներում Վահանի ու Կարենի տվյալները չկան։ Տիկին Նաթելլան հետաքրքրվել է թե՛ Ստեփանակերտի, թե՛ Երեւանի հիվանդանոցներում։ Նա չի ուզում հավատալ, որ տղաները այրվել են, հույսով սպասում է, որ մի օր որդիներից լավ լուր կլսի։

«Չգիտեմ՝ երեխաներս ուր են անհետացել։ Ասում են՝ անճանաչելի հիվանդներ կան, ես իմ տղաներին, եթե երեսով էլ չկարողանամ ճանաչել, ուրիշ նշաններ կան, էդպես կճանաչեմ»,- ասում է տիկին Նաթելլան։

Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում տիկին Նաթելլան, հարսներն ու թոռները ստիպված են եղել երկու օր մնալ, որ իրենք էլ Հայաստանից գնացած ավտոբուսներով գան Երեւան։ Սեպտեմբերի 30-ին արդեն նրանք Կոռնիձոր են հասել, հաշվառվել, իսկ հետո տեղափոխվել Երեւան։ Այստեղ բարեկամներից մեկի տանն են մնացել երկու օր, հետո տեղափոխվել քոլեջներից մեկը, որտեղ մնացել են մինչեւ հոկտեմբերի 12-ը։ Երկու օր է՝ վարձով բնակվում են Շենգավիթ վարչական շրջանում։

«Բարերար գտնվեց, ասեց՝ ես վարձը կտամ, կօգնեմ։ Հիմա աշխատանքի մասին շատ չենք մտածում, որովհետեւ թոռնիկներս փոքր են, հարսներիցս մեկն էլ հղի է։ Առայժմ չգիտենք՝ ինչ անենք, մտքներիս միայն Վահանն ու Կարենն են, լուր ենք ուզում լսել, որ գտնվել են»,- հավելում է որդիներից 20 օր լուր չունեցող մայրը։

Մանրամասները՝ տեսանյութում։