Անդրանիկ Թևանյանի խափանման միջոցի հարցով դատական նիստն ավարտվել է. ե՞րբ կհրապարակվի որոշումը
23 Մայիսի 2026, 19:38
«Մայր Հայաստան» կուսակցության նախագահ, «Բարգավաճ Հայաստան» կուսակցության պատգամավորի թեկնածու, նախընտրական ցուցակի երկրորդ համար Անդրանիկ Թևանյանի նկատմամբ խափանման միջոցի հարցով դատական նիստն ավարտվել է։
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Թևանյանի խափանման միջոցի վերաբերյալ դատարանի որոշումը կհրապարակվի այսօր՝ ժամը 21։00-22:00-ի սահմաններում։
Քննչական կոմիտեն պետական դավաճանության և լրտեսության մեջ մեղադրվող Անդրանիկ Թևանյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացրել։
Ըստ ՀՀ քննչական կոմիտեի հաղորդագրության՝ Ազգային անվտանգության ծառայությունից ստացված հաղորդման համաձայն՝ ՀՀ քաղաքացի Անդրանիկ Թևանյանը, հանդիսանալով 2021 թվականին կայացած խորհրդարանական ընտրություններում «Հայաստան» կուսակցությունների դաշինքին աջակցած քաղաքական գործիչ և նույն դաշինքի համապետական ընտրական ցուցակում ընդգրկված ԱԺ պատգամավոր, 2024 թվականի ընթացքում հավաքագրվելով օտարերկրյա հատուկ ծառայությունների կողմից, «Ռուսսիա Կովկաս» աշխարհաքաղաքական կենտրոնում տնօրեն հանդիսացող՝ օտարերկրյա հատուկ ծառայությունների ներկայացուցչի հանձնարարությամբ նույն ժամանակահատվածում կատարել է լրտեսություն, ինչպես նաև ապօրինի կերպով հավաքել և առանձնապես խոշոր չափերի՝ 622 հզր ԱՄՆ դոլար գումարի դիմաց վերջինիս է փոխանցել պետական գաղտնիք պարունակող՝ 2024 թվականի ապրիլին ԱԺ փակ, գաղտնի նիստում կայացած լսումների ընթացքի և արդյունքների վերաբերյալ ռուսերեն թարգմանված տեղեկություններ՝ այդ կերպ կատարելով պետական դավաճանություն՝ ի վնաս Հայաստանի Հանրապետության ինքնիշխանության, տարածքային անձեռնմխելիության և արտաքին անվտանգության:
ՀՀ ԱԱԾ-ից ստացված հաղորդման հիման վրա ՀՀ քննչական կոմիտեի պետության, սահմանադրական կարգի հիմունքների և հասարակական անվտանգության դեմ ուղղված հանցագործությունների քննության գլխավոր վարչությունում պետական դավաճանության (418-րդ հոդվածի 1-ին մաս) և լրտեսության (424-րդ հոդվածի 1-ին մաս) հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ։
Մայիսի 22-ին Կենտրոնական ընտրական հանձնաժողովը բավարարել էր Թևանյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելուն ու նրան ազատությունից զրկելուն համաձայնություն տալու Դատախազության միջնորդությունները, որից հետո դատախազությունը նրա նկատմամբ քրեական հետապնդում էր հարուցել։
Անդրանիկ Թևանյանը հերքում է իրեն առաջադրված մեղադրանքները։