Ռուսաստանը կողմնակից է Երևանի և Բաքվի միջև առկա խնդիրների խաղաղ և փոխզիջումային լուծմանը. Կոնստանտին Տասից
16 Հոկտեմբերի 2023, 22:30
Կովկասի հարցերով փորձագետ Կոնստանտին Տասիցը Alpha News-ին մեկնաբանել է Ռուսաստանի դերակատարությունը հայ-ադրբեջանական հակամարտության լուծման գործընթացում եւ անդրադարձել Մոսկվայի ու Երևանի հարաբերություններին։ Ըստ փորձագետի՝ Հայաստանը Ռուսաստանի համար շարունակում է դաշնակից է մնալ.
«ԱՊՀ երկրների ղեկավարների հանդիպմանը, որը տեղի ունեցավ Բիշքեկում, Վլադիմիր Վլադիմիրովիչ Պուտինը նշեց, որ Հայաստանը մնում է Ռուսաստանի դաշնակիցը, և մենք Հայաստանն այդպես ենք ընկալում։ Կարելի է խոսել հայ-ադրբեջանական հակամարտության լուծման հարցում Ռուսաստանից նախաձեռնությունը խլելու փորձերի մասին, քանի որ կարգավորման ամենահամապարփակ, ամբողջական, ճանապարհային քարտեզը եռակողմ հայտարարություններում է ներառված, որոնք ամենաբարձր մակարդակով ընդունվել են Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի կողմից։
Հետևաբար, այո, Ռուսաստանը հավատարիմ է մնում խաղաղության օրակարգին և, համապատասխանաբար, հակամարտության լուծմանը, այդ թվում՝ սահմանազատմանը, Լեռնային Ղարաբաղի հայերի իրավունքների և անվտանգության ապահովմանը, նրանց վերադարձի հնարավորությանը, խաղաղության պայմանագրի կնքմանը, ինչպես նաև Հայաստանի ու Ադրբեջանի միջև տրանսպորտային հաղորդակցությունների բացմանը»,- ասել է Տասիցը։
Խոսելով Ռուսաստանի և Հայաստանի հետագա հարաբերությունների մասին՝ փորձագետը նշել է, որ ամեն ինչ կախված է այս երկրների ղեկավարների քաղաքական կամքից։
«Անշուշտ, ամեն ինչ կախված է առաջնորդների քաղաքական կամքից, թե որքանով են նրանք պատրաստ փոխզիջումային լուծումների, ինչպես են տեսնում իրենց երկրների և ամբողջ տարածաշրջանի ապագան։ Տվյալ դեպքում, Ռուսաստանը կողմնակից է առկա խնդիրների խաղաղ և փոխզիջումային, փոխադարձ ընդունելի լուծմանը»,- եզրափակել է փորձագետը։