Երևանում «Hyundai» ավտոբուսը կողաշրջվել է․ 11 օտարերկրացիներ տեղափոխվել են հիվանդանոց

23 Հոկտեմբերի 2026, 11:35

Հասարակություն

Այսօր՝ հոկտեմբերի 23-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 09:00-ի սահմաններում «Hyundai» մակնիշի ավտոբուսը Աճառյան 61/10 հասցեի բակային հատվածում դեռևս անհայտ հանգամանքներում կողաշրջվել է։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 11 հոգի տեղափոխվել են մի մասը «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ», մի մասն էլ «Քանաքեռ-Զեյթուն» բժշկական կենտրոններ։

Վիրավորներին առաջինն օգնության են հասել քաղաքացիները և օպերատիվորեն ժամանած Երևանի 103 շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը։

Բժիշկները վիրավորներին մինչև հիվանդանոցներ տեղափոխելը տեղում առաջին բուժօգնություն են ցուցաբերել։

Դեպքի վայր են ժամանել ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 2-րդ գումարտակի 2-րդ վաշտի պարեկները՝ գնդի հրամանատար Անդրանիկ Խաչատրյանի, գնդի հրամանատարի տեղակալ Գարիկ Ավետիսյանի, գումարտակի հրամանատար Կարեն Գևորգյանի և գումարտակի հրամանատարի տեղակալ Կարեն Ավետիսյանի գլխավորությամբ։

Տարածքը սահմանազատել են նույն վաշտի պարեկ Գևորգ Հայրապետյանն ու կրտսեր պարեկ Գեղամ Վարդանյանը։

Վթարի մասին ՊԾ Երևան քաղաքի գնդից տեղեկությունը փոխանցել են ՀՀ Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ բաժնի պետ Համբարձում Պետրոսյանի, բաժնի պետի տեղակալներ Արթուր Ադամյանի, Գրիգոր Ավետիսյանի և հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Արամազդ Հարությունյանի գլխավորությամբ։

Վթարի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզում են ավտոբուսի սեփականատիրոջ վարորդի և վիրավորների ինքնությունը։

Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ ավտոբուսը հաշվառված է «ՄԼԼ ԻՆԴԱՍԹՐԻԱԼ» ՍՊԸ-ի հաշվեկշռում իսկ բոլոր վիրավորները օտարերկրացիներ են։

Վարորդը ենթարկվել է սթափության փորձաքննության, եղել է սթափ։