Նախագահի ղեկավարությամբ՝ Արցախի կառավարությունը գործունեությունը շարունակում է ԱՀ ներկայացուցչության շենքում

16 Հոկտեմբերի 2023, 15:21

Քաղաքականություն

Հայաստանում Արցախի ներկայացուցչությունում այս պահին տեղավորված է Արցախի պետական ապարատը՝ Արցախի նախագահի գլխավորությամբ:

Այս մասին NEWS.am-ի հարցին ի պատասխան՝ նշել է Հայաստանում Արցախի ներկայացուցչության մամուլի պատասխանատու Արմինե Հայրապետյանը:

«Արցախի ներկայացուցչությունը Արցախի Հանրապետության ԱԳՆ ստորաբաժանումն է, որը տարիներ շարունակ իրականացրել է Արցախի արտաքին քաղաքականության որոշակի ուղղություններ ՀՀ-ում: Բացի դրանից, Արցախի քաղաքացիների բազմաթիվ խնդիրների կարգավորումը վերապահված է Արցախի ներկայացուցչությանը:

44-օրյա պատերազմից հետո Արցախի կառավարության օպերատիվ շտաբն է գործում Աբովյան 9 հասցեում, եւ այդ գործառույթների մեծ մասը ներկա պահին իրականացնում է հենց շտաբը: Դրանք քաղաքացիների փաստաթղթերի հետ կապված խնդիրներն են, կենսաթոշակների, անձնագրերի հետ կապված հարցերն են, տեղահանված արցախցիների խնդիրներն են»,-ասել է նա:

Հայրապետյանը շեշտել է, որ Արցախի նախագահի, կառավարության ղեկավարի, ինչպես նաեւ խորհրդարանականների գործառույթները ներկայացուցչությունը չի համակարգում.

«Այս պահին Արցախի ներկայացուցչության շենքում տեղի ունեցող անցուդարձը իրականում ներկայացուցչության օրակարգի մեջ չէ, որովհետեւ ինքներդ էլ գիտեք, որ շենքում են լինում Արցախի նախագահը, կառավարության ղեկավարը, ինչպես նաեւ խորհրդարանականներ:

Իրենց հանդիպումները, գործառույթները ներկայացուցչությունը չի համակարգում, հետեւաբար չեմ կարող ասել՝ ներկայացուցչության շենքում ինչ կարող է տեղի ունենալ, կլինի հանդիպում, թե չի լինի»,-ասել է Արմինե Հայրապետյանը: