Բոլորը Վերնագիր Պարզ ճշմարտություններ Մեծ ռեպորտաժ Հարազատս հյուսիսից Հայ գրականություն. audiobook Իրական Թուրքիա Թռիչք իմ տան վրայով Էթնիկ կոդ Բացահայտելով Շուշին Բարի հայկական երեկո Արցախյան բռնագաղթ ԱՐՑԱԽ․ ՀԱՅԱՍՏԱՆ․ ՆՈՐ ԱՇԽԱՐՀԱԿԱՐԳ | 2024. ի՞նչ է լինելու | Newsroom Alter Ego Alpha Economics 7 դիմանկար հայ ժողովրդի պատմությունից 5 դիմանկար հայ ժողովրդի պատմությունից

Արևմուտքը Հայաստանին սպառնում է պատերազմով, իսկ Ադրբեջանին՝ պատժամիջոցներով

16 Հոկտեմբերի 2023, 23:00

Քաղաքագետ Բենիամին Մաթևոսյանը Alpha News-ի եթերում «Վերնագիր» հեղինակային հաղորդման ընթացքում ներկայացրել է թեմայի շուրջ մասնագիտական վերլուծություն։

Անցյալ շաբաթ պաշտոնական Մոսկվան հստակ ուրվագծեց Երևանի և Բաքվի միջև խաղաղության պայմանագրի համաձայնեցման և ստորագրման գործընթացը վերահսկողության տակ վերցնելու իր ցանկությունը։ Այսպես, Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի փոխնախարար Միխայիլ Գալուզինը հայտարարել է, որ Ադրբեջանի և Հայաստանի միջև կնքվելիք խաղաղության պայմանագիրը պետք է հստակ սահմանի Լեռնային Ղարաբաղի հայերի իրավունքներն ու անվտանգությունը, իսկ Մոսկվան, ըստ նրա, կողմերին մտքեր է փոխանցել այս առնչությամբ:|

Ռուսաստանի Դաշնության նկրտումները էլ ավելի հստակորեն ամրապնդվեցին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի կողմից, ով ոչ միայն հայտարարեց, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև համաձայնագրի ստորագրման համար խոչընդոտներ չկան, այլև նշեց, որ ռուսական կողմն ի վիճակի է և պատրաստ է բանակցություններն ընդունել Մոսկվայում։ Պուտինի խոսքով, ռուսական կողմը համաձայն է, անհրաժեշտության դեպքում, Մոսկվայում բանակցություններ կազմակերպել, ցանկացած ձևաչափով։ Խոսքը, ի թիվս այլ հարցերի, Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների և փորձագետների միջև բանակցությունների մասին է։

Ակնհայտորեն, Մոսկվայի այս խոստումները չէին կարող հավանության արժանանալ ԱՄՆ-ի և ԵՄ-ի կողմից, ինչպես նաև չէին կարող մնալ առանց պաշտոնական Վաշինգտոնի և Բրյուսելի արձագանքի։ Եվ, դատելով մի շարք գործընթացներից, որոշվել է միանգամից ճնշում գործադրել և՛ Երևանի, և՛ Բաքվի վրա, որպեսզի կողմերը «վերջին պահին» չհրաժարվեն արևմտյան բանակցային հարթակում համաձայնագիր ստորագրելուց, որը վերջնականապես պետք է լեգիտիմացնի և ավարտին հասցնի տարածաշրջանի աշխարհաքաղաքական պատկերի փոփոխության գործընթացը՝ Ռուսաստանի Դաշնության արտաքսումը Անդրկովկասից։

Այսպիսով, այն բանից հետո երբ Միխայիլ Գալուզինը հնչեցրեց համաձայնագրում Լեռնային Ղարաբաղի հայերի իրավունքներն ու անվտանգությունը հստակորեն ամրագրելու գաղափարը, և այդ կապակցությամբ Ռուսաստանի Դաշնությունից առաջարկների առկայությունը (ակնհայտ է, որ այդ առաջարկները ներառելու են Արցախում ռուս խաղաղապահների գտնվելու ժամկետի երկարաձգումը), ԵԽԽՎ-ն բանաձեւ է ընդունել Ատցախի վերաբերյալ, որտեղ արձանագրվել են «էթնիկ զտումների հիմնավոր կասկածները»։

Սա «դեղին քարտ» է Իլհամ Ալիևի համար, որը չի կարող չհասկանալ, որ ինչպես էթնիկ զտումներից հետո Լեռնային Ղարաբաղ այցելած ՄԱԿ-ի առաքելությունը, այնպես էլ մի շարք այլ միջազգային կազմակերպություններ արձանագրել են Արցախում Ադրբեջանի կողմից իրականացված մի շարք հանցագործություններ, սակայն քաղաքական նպատակահարմարությունից ելնելով, նրանք ներկայումս ձեռնպահ են մնում այս տեղեկատվության հրապարակումից՝ սպասելով իրավիճակի հանգուցալուծմանը՝ արևմտյան բանակցային հարթակում խաղաղության պայմանագրի ստորագրմամբ։

Ակնհայտ է, եթե «Ալիևը հիասթափեցնի», ապա նրան կհիշեցնեն Լեռնային Ղարաբաղում էթնիկ զտումները, 44-օրյա պատերազմի ընթացքում ֆոսֆորային զենքի կիրառումը և նրա բազմաթիվ օֆշորային հաշիվները Արևմուտքում։ Չի կարելի բացառել նույնիսկ, որ Բաքվում, 2020 թվականի ամռան օրինակով, կարող են կրկնվել զանգվածային անկարգությունները, երբ Թուրքիան ակտիվացրեց Ադրբեջանում իր բոլոր գործակալներին՝ Ալիևին ընտրության առաջ կանգնեցնելով՝ կամ պատերազմ ընդդեմ Հայաստանի ու Արցախի, կամ հեղափոխության միջոցով իշխանության կորուստ։

Իր հերթին, ամերիկյան Politico պարբերականը, վկայակոչելով ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենի կողմից, իբր, ասված խոսքերը, հաղորդել է, որ Բլինկենի ղեկավարած գերատեսչության տվյալների համաձայն՝ «ադրբեջանական զինուժը կարող է ներխուժել Հայաստանի հարավային շրջաններ առաջիկա մի քանի շաբաթվա ընթացքում» (Սյունիքում – խմբ.): Սա նաև ազդանշան է Հայաստանին, որ Արևմտյան բանակցային հարթակում խաղաղության պայմանագիր ստորագրելուց հրաժարվելը Հայաստանի համար հղի է նոր ռազմական էսկալացիայով։ Կարող եք հարցնել՝ ո՞վ է պատասխանատու լինելու նոր էսկալացիայի համար, եթե Արևմուտքը ճնշում գործադրի և՛ Բաքվի, և՛ Երևանի վրա։

Նախ՝ Ալիևի հետ կարող են կրկնել 2020 թվականի ամառվա հնարքը, երբ Ադրբեջանի ներսում տեղի ունեցող գործընթացները նրան մղեցին պատերազմ սկսելու, և երկրորդ՝ Ձեզնից որևէ մեկը լսե՞լ է արդյոք հավաստիացում, որ 2020 թվականին Թուրքիայի կողմից մեր տարածաշրջան բերված ահաբեկիչները լքել են տարածաշրջանը 44-օրյա պատերազմից հետո: Արեւմուտքին այնքան էլ չի մտահոգում թե՛ Հայաստանի, թե՛ Ադրբեջանի ճակատագիրը։

Վաշինգտոնին, Լոնդոնին և Բրյուսելին անհրաժեշտ է խաղաղության պայմագրի ստորագրումը արևմտյան հարթակում, որպեսզի չկայանա Հյուսիս-Հարավ նախագիծը, որը, ի թիվս այլ բաների, ապահովում է Ռուսաստանի Դաշնության միացումը Իրանի երկաթուղային համակարգին: Եվ եթե սրա համար պետք է տարածաշրջանում եւս մի քանի պատերազմ սանձազերծել, ապա դա կարվի, եթե սրա համար պետք է շանտաժի ենթարկել Ալիեւին կամ Փաշինյանին, ապա դա նույնպես կարվի։

Թեև, դատելով նրանից, որ Նիկոլ Փաշինյանի ընտանեկան թերթը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին անվանում է «նեղացած հարս», իսկ ինքը՝ «հեղափոխական առաջնորդը», Հայաստանի մասնակցությունը ՀԱՊԿ-ում բոյկոտելուց հետո անցել է ԱՊՀ-ում Հայաստանի մասնակցությունը բոյկոտելուն, Փաշինյանի ռազմավարական ընտրությունն արդեն արված է, սրանից բխող բոլոր հետևանքներով՝ թե՛ իր, թե՛ ողջ Հայաստանի համար…