ԼՂ վերադառնալու Ադրբեջանի երաշխիքները դժվար է ընդունել. Human Rights-ը պատմում է մի ընտանիքի՝ վախից դրդված փախուստի մասին
19 Հոկտեմբերի 2023, 08:34
Միջազգային իրավապաշտպան Human Rights Watch կազմակերպությունն առանձին հրապարկմամբ անդրադարձել է Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված մի ընտանիքի՝ նշելով, թե ինչպես վախից դրդված տասնյակ հազարավոր այլ էթնիկ հայերի հետ Ագնեսը և նրա ընտանիքը լքեցին Լեռնային Ղարաբաղը։
«Գալով Լեռնային Ղարաբաղից՝ վախից դրդված. Մի ընտանիքի թռիչքը դեպի Հայաստան» վերնագրած պատության հրապարակման նախաբանում Human Rights Watch-ը գրում է, որ Ադրբեջանի իշխանությունները բազմիցս հայտարարել են, որ Լեռնային Ղարաբաղում բոլորի իրավունքները պաշտպանվելու են։
«Սակայն, նման երաշխիքները, տասնամյակների հակամարտությունից հետո, դժվար է ընդունել՝ հաշվի առնելով Ադրբեջանում՝ ենթադրյալ հանցագործությունների անպատժելիությունը, ներառյալ՝ ռազմական գործողությունների ժամանակ՝ խաղաղ բնակչության դեմ, Ադրբեջանի կառավարության՝ մարդու իրավունքների վիճակի ընդհանուր վատթարացումը, և Ադրբեջանի կողմից վերջերս պարտադրված տարածաշրջանի իննամսյա փաստացի շրջափակումը, որը հայ բնակչությանը թողեց առանց բավարար սննդի, դեղորայքի և վառելիքի»,- գրել է Human Rights-ը։
Միջազգային իրավապաշտպան կազմակերպությունը պատմում է ընտանիքի՝ վախից դրդված փախուստի մասին, ճանապարհի դժվարությունների, սովի ու զրկանքների մասին.
«22-ամյա Ագնեսա Ավանեսյանը՝ սև շապիկով, փայլուն «Եղիր երջանիկ» գրությամբ, ամաչկոտ ժպտում է փայտե սեղանի հետևից Հարավային Հայաստանի լեռնային գյուղերից մեկում՝ Տաթևում։ Նա իր ծնողների, պապի և չորս քույրերի հետ Լեռնային Ղարաբաղից ժամանել է սեպտեմբերի 28-ին և դեռևս «խցկված» բնակվում են հարազատների մոտ՝ գյուղական փոքրիկ տան մեջ»։
Այսօր Հայաստանում Ագնեսան և նրա քույրերը խոսում են իրենց հայրենի գյուղի, կարտոֆիլով և այլ ապրանքներով լի նկուղի, իրենց հավերի, բադերի և սագերի մասին: Ի տարբերություն Ստեփանակերտի իրենց ընկերների, նրանք երբեք ստիպված չեն եղել սոված մնալ շրջափակման ժամանակ։ Բայց նրանց ընտանիքը թողել է ամեն ինչ։
«Ես չգիտեմ, թե ինչ ենք մենք պատրաստվում անել», — ասում է Ագնեսան:
«Եթե մենք միայն կարողանայինք վերադառնալ մեր իրերը, մեր կենդանիներին վերցնելու համար… Բայց ինչպե՞ս կարող ենք դա անել: Ո՞վ է երաշխավորելու մեր անվտանգությունը։ Եթե այնտեղ ապահով լիներ մեզ համար, մենք երբեք չէինք թողնի մեր տունը», — փոխանցում է կազմակերպությունը։