Հայաստանը արտաքին քաղաքականության վեկտորը փոխեց, երբ Ադրբեջանի հետ հակամարտությունում Ռուսաստանը չաջակցեց նրան. Տատյանա Պարխալինա
19 Հոկտեմբերի 2023, 22:50
Ռուսաստանի Եվրատլանտյան համագործակցության ասոցիացիայի նախագահ Տատյանա Պարխալինան Alpha News-ի հետ զրույցում մեկնաբանել է Եվրախորհրդարանում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ելույթը:
Փորձագետի կարծիքով՝ Հայաստանը որոշել է գնալ Եվրոպայի և ԱՄՆ-ի հետ մերձեցման ճանապարհով այն բանից հետո, երբ Մոսկվան չմիջամտեց և որևէ աջակցություն չցուցաբերեց Ղարաբաղի հարցում:
«Կարծում եմ, ամենայն հավանականությամբ, այն ամենից հետո, ինչ տեղի ունեցավ Հարավային Կովկասում Ղարաբաղի կորստից հետո, երբ, ցավոք, Մոսկվան և ՀԱՊԿ-ը չմիջամտեցին, Հայաստանն, իրոք, որոշեց գնալ Եվրոպայի և Միացյալ Նահանգների հետ մերձեցման ճանապարհով։ Բնականաբար, դա նյարդայնացնում է Մոսկվային՝ հաշվի առնելով այն դիմակայությունը, որն այժմ նկատվում է Ռուսաստանի և, այսպես կոչված, հավաքական Արևմուտքի միջև, որն իրականում չկա», — ասել է Պարխալինան։
Փորձագետի խոսքով՝ Հայաստանը կփոխի իր արտաքին քաղաքականության վեկտորը։
«Մենք՝ բոլորս, գտնվում ենք աշխարհաքաղաքական խզման էպիկենտրոնում, երբ փլուզվում է միջազգային անվտանգության համակարգը, փլուզվում է տարածաշրջանային անվտանգության համակարգը և այլն։ Ուստի, կարծում եմ՝ այս իրավիճակում, ունենալով այն բացասական փորձը, որն այժմ Հայաստանն ունի Ադրբեջանի հետ դիմակայության ընթացքում, Ղարաբաղի կորուստը, երբ, ըստ էության, Ռուսաստանը նրան չի աջակցել, Հայաստանը կփոխի իր արտաքին քաղաքականության վեկտորը։ Արդյո՞ք դա համապատասխանում է նրա շահերին, կամ թե ինչի կհանգեցնի, դժվար է ասել։ Ընդհանրապես, վեկտորները փոխելը միշտ էլ դժվար է», — ընդգծել է Պարխալինան։
Խոսելով այն մասին, թե Ռուսաստանի համար Հայաստանի նման դաշնակցի կորուստը ցավո՞տ կլինի, փորձագետը կարծում է՝ այո։
«Ես կարծում եմ, որ ցավալի է, երբ տեղի է ունենում դաշնակիցների կորուստ և՛ Կենտրոնական Ասիայում, և՛ Հարավային Կովկասում, և՛ ամբողջ երկայնքով։ Ամբողջ հետխորհրդային տարածքը, այնուամենայնիվ, որոշ չափով կողմնորոշվում էր դեպի Ռուսաստան, կորցնել այդ դաշնակիցներին կամ գործընկերներին, հհարկե, ցավալի է», — եզրափակել է Տատյանա Պարխալինան։