Ռուսաստանին և Հայաստանին շատերը կփորձեն գժտեցնել, բայց դա ոչ ոքի չի հաջողվի. Կամո Հայրապետյան

19 Հոկտեմբերի 2023, 19:55

Քաղաքականություն

Կրասնոդարի հայկական համայնքի ղեկավար, Կուբանի նահանգապետին կից Ազգամիջյան հարաբերությունների և կրոնական միավորումների հետ փոխգործակցության խորհրդի անդամ Կամո Հայրապետյանը kubnews-ի հետ զրույցում գնահատական է տվել Հայաստանում ստեղծված քաղաքական իրավիճակին:

«Երբ 2018 թվականին Հայաստանում փոխվեց իշխանությունը, նոր առաջնորդները մարդկանց երաշխավորում էին, որ Հայաստանի հարաբերությունները Ռուսաստանի հետ է՛լ ավելի սերտ ու ամուր կդառնան: Ռուսաստանի հետ դարավոր պատմական կապերով կապված ժողովրդին այլ բան պետք չէր։

Բայց, ահա հինգ տարի է անցել, և հայ ժողովուրդը կանգնած է ազգային աղետի եզրին։ Արևմտյան կուրատորների ղեկավարած իշխանությունների դավաճանական կուրսի արդյունքում, հարվածի տակ է դրվել հայկական երկու հանրապետությունների (Հայաստան և Արցախ) գոյությունը։ Ադրբեջանա-թուրքական տանդեմին անվերջ զիջումները տեղի են ունենում իր ռազմավարական դաշնակից Ռուսաստանի Դաշնության հետ երկրի փչացած հարաբերությունների ֆոնին։

5 տարի առաջ խաբված մարդիկ կամաց-կամաց ուշքի են գալիս՝ հասկանալով, թե ինչ անդունդ են իրենց մղում։ Վերջին սոցհարցումների համաձայն՝ երկրի բնակչության՝ մոտ 90 տոկոսը կարծում է, որ կառավարությունը պետք է հրաժարական տա, իսկ հարցվածների ավելի քան 80 տոկոսը դեմ է Ռուսաստանի հետ հարաբերությունների խզմանը:

Ինչպես Հայաստանում, այնպես էլ Սփյուռքում, յուրաքանչյուր հայի խնդիրն է՝ անել հնարավորը Ռուսաստանի հետ երկրի համար անայլընտրանք չունեցող դաշնակցային հարաբերությունները վերականգնելու համար: Ռուսաստանին ու Հայաստանին, հայերին ու ռուսներին գժտեցնել կփորձեն շատերը, բայց դա ոչ ոքի չի հաջողվի։ Մեր ուժը միասնության մեջ է: Հենց միասնությունն է այն որակը, որը մեզ թույլ է տալիս դիմակայել թշնամիների գործողություններին, հաղթահարել խնդիրները և զարգանալ», – եզրափակել է Հայրապետյանը: