Հայաստանը մասնակցում է Ռուսաստանի «Մշակույթների երկխոսություն» համաժողովին
19 Մայիսի 2023, 19:15
Պետական Էրմիտաժում անցկացվող «Մշակույթների երկխոսություն» XVII միջազգային մեդիա համաժողովի մասնակիցներ են դարձել 16 երկրների ներկայացուցիչներ։
Ըստ Ռուսաստանի լրագրողների միության նախագահ Վլադիմիր Սոլովյովի՝ նրանց թվում են լրագրողներ Հայաստանից, Վրաստանից, Իրանից, Ադրբեջանից, Սերբիայից, Հունաստանից, Հնդկաստանից, Բելառուսից, Ղազախստանից և այլ պետություններից։
Հայաստանը, ի թիվս այլ պետությունների, համաժողովին է միացել այս տարի, հայտնում է ТАСС գործակալությունը:
«Համաժողովը շարունակում է լինել միջազգային՝ չնայած միջազգային ամենալարված իրադրությանը: Շատ կարևոր է, որ այսօր այստեղ ներկա են 16 պետությունների ներկայացուցիչներ:
Բարի գալուստ, թանկագի՛ն ընկերներ, շատ լավ է, որ դուք մասնակցում եք երկխոսությանը և կկարողանաք ձեր տպավորությունը կազմել Ռուսաստանում տիրող իրադրության մասին հատկապես այն ժամանակ, երբ մեր երկրի դեմ աննախադեպ տեղեկատվական պատերազմ է մղվում», — ողջունել է մասնակիցներին Սոլովյովը համաժողովի բացման արարողության ժամանակ։
«Մշակույթների երկխոսություն» համաժողովի կազմկոմիտեի նախագահ, Ռուսաստանի լրագրողների միության քարտուղար Աշոտ Ջազոյանը նշել է, որ տարբեր երկրների լրագրողներից այս տարի ավելի քան 3000 աշխատանք է ներկայացվել «Ես ապրում եմ Ռուսաստանում» համառուսաստանյան մուլտիմեդիա մրցույթին, որի մրցանակակիրներին կպարգևատրեն համաժողովի շրջանակներում։
«Ես նման բան չեմ հիշում ոչ մի փառատոնի, ոչ մի համաժողովի ժամանակ: Եվ մենք զգացինք միտումը՝ այսօր ամենակարևորը մարդն է և նրա պատմությունը… Այս տարի զարմանալի գործեր կան Ուզբեկստանից, Հայաստանից, Ղազախստանից, Բելառուսից», — ասել է նա:
XVII «Մշակույթների երկխոսությունը» Սանկտ Պետերբուրգում անցկացվում է «Լրագրողների համագործակցություն» մեդիա կոնգրեսի, Պետական Էրմիտաժի, Ռուսաստանի լրագրողների միության, «Ռուսկի Միր» հիմնադրամի կողմից՝ Սանկտ Պետերբուրգի կառավարության, Մշակութային նախաձեռնությունների նախագահական հիմնադրամի, Հեռուստատեսության և ռադիոյի միջազգային ակադեմիայի և մի շարք այլ կազմակերպությունների աջակցությամբ: