Երկրորդ Ծաղկազարդ՝ մայիսի 21-ին

20 Մայիսի 2023, 23:40

Մշակույթ

Հայաստանյան Աաքելական եկեղեցին մայիսի 21-ին կնշի Երկրորդ Ծաղկազարդը։

Qahana.am-ից տեղեկանում են, որ Քրիստոսի Համբարձման տոնի  (այս տարի այն նշվեց մայիսի 19-ին) հաջորդ կիրակի օրը Հայ Առաքելական եկեղեցին նշում է Երկրորդ Ծաղկազարդը: Տոնի անվանումն առաջացել է Ս. Հարությանը նախորդող Ծաղկազարդի տոնի անվանումից:

Վերջինս խորհրդանշում է Քրիստոսի հաղթական մուտքը Երուսաղեմ, երբ մարդիկ Տիրոջը դիմավորում էին փառաբանությամբ ու ցնծությամբ և արմավենու ճյուղեր սփռում Նրա առաջ:Երկրորդ Ծաղկազարդն արդեն համբարձված Քրիստոսի՝ Վերին Երուսաղեմ մտնելու հիշատակն է, երբ Նրան ցնծությամբ դիմավորում էին հրեշտակները: Ավանդության համաձայն՝ մի հրեշտակ ամեն օր այցելում էր վիրապում բանտարկված Ս. Գրիգոր Լուսավորչին: Մի օր նա բացակայում է:

Հաջորդ օրը Ս. Գրիգորը, հարցնելով պատճառը, իմանում է, որ Համբարձման ժամանակ Հիսուս Քրիստոս անցել է հրեշտակների ինը դասերի միջով. ամեն տարի հրեշտակները տոնախմբում էին Տիրոջ Համբարձումը երկինք:

Լուսավորչին այցելող հրեշտակը չորրորդ դասից էր, և Համբարձման չորրորդ օրը հրեշտակների այդ դասի տոնախմբության հերթն էր: 

Հիմա եթերում