Ոչ մեկը չի հրաժարվի Ադրբեջանի նավթից ու գազից՝ ի շահ հայերի․ Արթուր Խաչիկյան

08 Նոյեմբերի 2023, 22:15

Քաղաքականություն

Ադրբեջանը զգում է, որ ոչ մեկը չի հրաժարվի իր նավթից ու գազից՝ ի շահ հայերի, դրա համար շարունակում է ճնշումները։ Սթենֆորդի համալսարանի քաղաքագիտության դոկտոր Արթուր Խաչիկյանն է նման կարծիք հայտնել Alpha News-ի ուղիղ եթերում․

«Այս աշխարհում ամեն ինչ կատարվում է ուժի ու շահի հիման վրա։ Ադրբեջանը խոսում է ուժի դիրքից, Ադրբեջանը նոր անցկացրեց Հաղթանակի շքերթը՝ Ստեփանակերտում տոնելով հայերի էթնիկ զտումը։ Քաղաքակիրթ աշխարհը լուռ նայեց, թե ինչպես դա կատարվեց։ Եվ անգամ, Արևմուտքը դա կոչում է հայերի ելքը, ոչ թե էթնիկ զտումը։ Աշխարհն ուրիշ կողմ է նայում, երբ հայերին ցեղասպանում են։ Ադրբեջանը զգում է, որ ոչ մեկը չի հրաժարվի իր նավթից ու գազից՝ ի շահ հայերի, դրա համար շարունակում է ճնշումները»,- ընդգծել է քաղաքագետը։

Խաչիկյանը նշել է, թե ինչ կարևոր նշանակություն ունեն այդ 8 գյուղերը, այսպես ասած, անկլավները Ադրբեջանի համար․

«Այդ անկլավները շատ կարևոր են Ադրբեջանի համար, այստեղ ոչ թե 8 գյուղի հարցն է, այլ դրա նպատակն է մեզ կտրել Վրաստանից ու Իրանից ու կամաց-կամաց ոչնչացնել Հայաստանը։ Այս խումբը, որը եկել է իշխանության, շարունակելու է խոսել խաղաղության խաչմերուկի մասին։ Երբ այդ անկլավները տան, հետո կխոսեն նաև խաղաղության զիջումների մասին, երբ 60 հազար ադրբեջանցի վերադառնա Հայաստան, նրանք դա կկոչեն հաղթանակի վերադարձ։ Նրանք սևը սպիտակի հետ անընդհատ խառնում են։ Մի ողբերգություն է գալիս մեր գլխին ու նրանք գեղեցիկ անուն են մտածում դրա համար»,- ասել է Արթուր Խաչիկյանը։

Մեր զրուցակիցը համոզված է՝ Բաքվի միակ նպատակն է հայոց պետականության ոչնչացումը․

«Ադրբեջանը գնալու է մինչև վերջ։ Ադրբեջանի նպատակն է, որ Հայաստան չլինի, Հայոց պետականություն չլինի, նա ասում է, որ մենք Արևմտյան Ադրբեջանի տարածք ենք։ Հաջորդը լինելու է խաղաղության խաչմերուկը, որը շուտով դառնալու է թյուրք աշխարհի խաչմերուկ, որովհետև հայերը այլևս դեր չեն ունենա։

Եթե ուզում ենք իմանալ, թե ինչ կանի պետությունը, երկրի ղեկավարը ապագայում,պիտի նայենք իրենց նախկին գործողություններին»,- եզրափակել է քաղաքագետը։