Մոխրենես գյուղի հայկական եկեղեցին ավերվել է Ադրբեջանի կողմից՝ խախտելով Հաագայի դատարանի որոշումը

11 Նոյեմբերի 2023, 20:35

Մշակույթ

Caucasus Heritage Watch (CHW) միջազգային կազմակերպությունն ահազանգում է, որ հայկական եկեղեցին ավերվել է Ադրբեջանի կողմից՝ խախտելով Միջազգային դատարանի որոշումը։

2022 թվականի ամռանը Caucasus Heritage Watch-ը արձանագրել էր Արցախի Հադրութի շրջանի Մոխրենես գյուղի գրեթե ամբողջական ավերումը, տարածք, որը 44-օրյա պատերազմից հետո անցել է Ադրբեջանի իրավասության տակ։ Այսպիսով, Ադրբեջանը հիմնովին ավերել է Մոխրենես գյուղի 18-19-րդ դարերի Սուրբ Սարգիս հայկական եկեղեցին։

«Բայց Սուրբ Սարգիս եկեղեցու քանդումը, ըստ ամենայնի, վերջին քայլը չէր ադրբեջանական միջամտության առումով։ Դիտարկման ընթացքում մենք փաստագրել ենք հետագա շինարարական աշխատանքների ապացույցներ»,- նշված է հրապարակման մեջ։

CHW-ն Ադրբեջանին կոչ է անում տեղեկացնել հանրությանը Մոխրենեսում տեղի ունեցածի մասին. «Պետությունը պետք է կատարի 2021 թվականի դեկտեմբերի որոշումը՝ հետաքննել Սուրբ Սարգիս եկեղեցու ավերածությունը և պատասխանատվության ենթարկել մեղավորներին։ Հաշվի առնելով եկեղեցու ավերման իրավական հետևանքները՝ Ադրբեջանը պետք է ներկայացնի եկեղեցու հետ կապված իր ծրագրերը, հանրությանը տրամադրի տեղեկատվություն նոր շինարարության մասին և թույլ տա լրագրողներին և փորձագետներին մուտք գործել գյուղ՝ գնահատելու աշխատանքները»։

«Ադրբեջանը պարտավոր է պաշտպանել հայկական մշակութային ժառանգությունը և կանխել Մոհրենեսում հայկական դարավոր մշակութային և կրոնական կյանքը ջնջելու ցանկացած փորձ»,- ընդգծում է կազմակերպությունը։

Հիշեցնենք, որ Արդարադատության միջազգային դատարանը 2021 թվականի դեկտեմբերի 7-ի որոշում էր կայացրել՝ պարտադրել Ադրբեջանին «ձեռնարկել բոլոր անհրաժեշտ միջոցները՝ կանխելու և պատժելու վանդալիզմի ու պղծման գործողությունները՝ ուղղված հայկական մշակութային ժառանգության, ներառյալ՝ եկեղեցիների և այլ պաշտամունքի վայրերի, հուշարձանների, տեսարժան վայրերի, գերեզմանատների և արտեֆակտերի դեմ»: