Հայկ Բադիկյան. հայ նշանավոր քանդակագործը

19 Նոյեմբերի 2023, 00:07

Հայեր

Alpha News-ը շարունակում է ներկայացնել «Ալֆա պերսոնա» շարքը:

Հայկ Բադիկյանը ծնվել է Վան քաղաքում 1876թ.-ին: Երիտասարդ տարիներին տեղափոխվել է Սան Ֆրանցիսկո ավագ եղբոր՝ Խորենի մոտ, որն արդեն այդ ժամանակ նկարազարդումներ էր անում թերթերի համար։ Այստեղ Հայկը հետաքրքրվել է քանդակագործությամբ։ Դիտարկելով ճանաչված վարպետների աշխատանքները՝ նա սկսել է ստեղծել իր առաջին գործերը։

Աշխատասիրության շնորհիվ հաջողության հասնելով ԱՄՆ-ում՝ Բադիկյանը մեկնել է Ֆրանսիա՝ վարպետությունը կատարելագործելու։ Փարիզում քանդակագործն այցելել է Օգյուստ Ռոդենին։ Նա վարպետին ցույց է տվել իր աշխատանքներից մի քանի լուսանկար: Ռոդենը, կանգնեցնելով հայացքը «Դիանայի որսը» քանդակի լուսանկարում, խոստովանել է․ «այո՛, պարո՛ն, Դուք քանդակագործ եք»:

Բադիկյանը ակտիվ մասնակցություն է ունեցել Սան Ֆրանցիսկոյի «Բոհեմյան ակումբի» կյանքին։ Ակումբը հիմնադրվել է 1872 թվականին և հավաքել է հայտնի լրագրողների, նկարիչների, երաժիշտների, հետագայում նաև գործարարների և ձեռներեցների։ Բադիկյանը երկու անգամ ընտրվել է այդ ակումբի նախագահ, որը գործում է մինչ օրս։

Քանդակագործի աշխատանքները կարելի է տեսնել Սան Ֆրանցիսկոյի քաղաքապետարանի շրջակայքում և ներսում, ինչպես նաև Օքլենդի թանգարանի հավաքածուում:

Սան Ֆրանցիսկոյի քաղաքապետարանի շենքի մոտ կանգնեցվել է ԱՄՆ 16-րդ նախագահ Աբրահամ Լինքոլնի հուշարձանը, որը վերացրել է ստրկությունը: Բրոնզե քանդակի հեղինակը Հայկ Բադիկյանն է:

Լեգենդար քանդակագործը մահացել է 1950 թվականին։