Նշվել է Թեհրանի Ս. Սարգիս առաջնորդանիստ մայր եկեղեցու օծման 50-ամյա հոբելյանը

23 Մայիսի 2023, 16:20

Հայեր

Մայիսի 12-ի երեկոյեան, իւրայատուկ միջոցառմամբ եւ գեղարւեստական յագեցած յայտագրով, հովանաւորութեամբ եւ նախագահութեամբ՝ Թեհրանի հայոց թեմի առաջնորդ Տ. Սեպուհ արք. Սարգսեանի եւ կազմակերպութեամբ՝ Ս. Սարգիս եկեղեցու Եկեղեցական խորհրդի, տեղի ունեցաւ Թեհրանի Ս. Սարգիս առաջնորդանիստ մայր եկեղեցու օծման 50-ամեակին նւիրւած յոբելեանական միջոցառումը՝ Ս. Սարգիս եկեղեցում:

Մայեստրօ Ռազմիկ Օհանեանի ղեկավարութեամբ՝ յոբելեանական երգչախումբը եւ «Էլպիս Ֆերահեան» մանկապարտէզի սաները համատեղ հնչեցրին Տէրունական աղօթքը:

Յոբելեանական ծրագրի բացման խօսքով եւ Ս. Սարգիս Եկեղեցու խորհրդի անունից, հանդէս եկաւ Անի Քրիստի սրկ. Մանուէլեանը: Խօսքի մէջ նշւած էր.

«50 տարի առաջ այս օրերին Թեհրանի հայկական համայնքը ապրում էր երջանկութիւնը իր նորաօծ եկեղեցու եւ ներկայութիւնը Մեծի Տանն Կիլիկիոյ երանաշնորհ Ն.Ս.Օ.Տ.Տ. Խորէն առաջին կաթողիկսի»: Իր ելոյթի ընթացքում, նա անդրադառնալով Հայաստանեայց Առաքելական Եկեղեցու անմնացորդ դերակատարութեանը, հայ ժողովրդի գոյապայքարի ընթացքում, նշեց.

«Հայաստանեայց Առաքելական Եկեղեցին իր հիմնադրութեան առաջին իսկ օրւանից եղաւ հայ ժողովրդի եկեղեցին, իր քրիստոնէական եւ հայկական գունաւորումով»: