Ժամանակի հետ արցախյան մշակույթը կորցնելու ենք, եթե չփորձենք պահել այն․ Արտեմ Վալտեր

15 Դեկտեմբերի 2023, 21:47

Կարծիք

Երգիչ-երգահան, երաժշտական պրոդյուսեր Արտեմ Վալտերը Alpha News-ի ուղիղ եթերում այն կարծիքն է հայտնել, որ ժամանակի հետ արցախյան մշակույթը կորցնելու ենք․

«Քանի գնա, ժամանակին զուգընթաց լիքը բաներ կորցնելու ենք։ Այնպես չէ, որ մինչև դա, երբ այնտեղ էինք, Արցախի բարբառով, օրինակ, գրականություն էր ստեղծվում, չէ։ Այնպես չէ, որ ավելի շատ երգեր էին գրվում, չէ։ Ցավոք սրտի, ժամանակի ընթացքում թե՛ բարբառը, թե ենթամշակույթը վերանալու են, եթե ոչ միայն արցախցին, նաև բոլոր հայերը չհամախմբվեն ու չփորձեն պահել դրանք»,- ասել է երգիչը։

Արտեմ Վալտերը նշել է, որ դա համահայկական խնդիր է․

«Եթե խնդիր դրվի, որ պիտի պահեն մշակույթը, կպահվի։ Օրինակ՝ Գյումրու մշակույթը պահելու կարիք չկա հիմա։ Երբ Գյումրու ենթամշակութային էլեմենտը պահելու խնդիր լինի, բոլորով պիտի աշխատենք այդ ուղղությամբ։ Դա համընդհանուր, համահայկական խնդիր է, եթե դա չանենք, միանշանակ, կվերանա»,- ցավով է նկատել մեր զրուցակիցը։

Հասարակությունը, Արտեմ Վալտերի նկատառմամբ, տոլերանտ չէ բարբառով խոսողների հանդեպ․

«Համակարգման կարիք ունի Արցախի մշակույթը պահելու խնդիրը, բայց այնպես չէ, որ հարցը այդպես կլուծվի։ Պիտի մի քիչ ավելի տոլերանտ լինել բարբառով խոսողների նկատմամբ։ Ընկերներիս ասում եմ՝ շատ ավելի երգեր գրեք Արցախի բարբառով, որովհետև սիրուն է հնչում, թեպետ միշտ էլ մեր բարբառով երգեր գրվել են»,- ասել է երգիչը։