ՀՀ իշխանությունների թերի մոտեցումները թույլ չեն տալիս լիարժեք պայքարել Արցախի համար․ Ռոբերտ Մարգարյան

27 Հունվարի 2024, 14:56

Կարծիք | Քաղաքականություն

Ամերիկահայերը անտարբեր չեն Արցախի հարցով, նրանք այժմ աշխատանքներ են տանում արցախահայերին աջակցություն տրամադրելու համար։ Այս մասին Alpha News-ի ուղիղ եթերում ասել է քաղաքագետ Ռոբերտ Մարգարյանը։

«Արցախի հարցը անտեսված չէ ԱՄՆ-ում գործող կառույցների կողմից։ Հայ դատի հանձնախումբը համաշխարհային առումով ցանցային կերպով է աշխատում։ Եվրոպական երկրներում իրենց աշխատանքները սկսվել են, և դրանք լինելու են նաև Միացյալ Նահանգներում։ Միջին Արևելքում փոքր-ինչ սահմանափակումներ կան ցույցեր անցկացնելու հետ կապված, բայց կարծում եմ՝ այստեղ մենք այդ ցույցերի ականատեսը կլինենք, թե երբ կամ ինչ ձևաչափով, չեմ կարող ասել։ Բայց կարող եմ վստահեցնել, որ ամերիկահայերը անտարբեր չեն Արցախի հարցով։ Նրանք այժմ աշխատանքներ տանում են արցախահայերին աջակցություն տրամադրելու համար։ Տարեվերջին սպասվող ընտրությունները շատ լավ առիթ են, որ կարողանանք Արցախի հարցը բարձրացնել։ Եվրոպայում ևս ընտրություններ են սպասվում, և դրանք լավ հնարավորություններ են ստեղծում եվրոպական երկրների ղեկավարների դիմաց Արցախի հարցը դնելու և նրանցից հայտարարություններ ստանալու»,- նշել է Մարգարյանը։

Քաղաքագետը վստահեցնում է՝ տարեվերջին սպասվող ընտրություններին պետք է ընտրել այն կուսակցությանը, որի կառավարման շրջանում Հայաստանը թեկուզ քիչ, բայց կշահի և արդյունավետ դիրքորոշումներ կստանա։

«Թրամփի կառավարման ժամանակ 44-օրյա պատերազմը տեղի ունեցավ, և այն ամբողջովին անտեսվեց ու կոշտ արձագանքներ այդպես էլ չհնչեցին։ Այդ շրջանում հայ-ամերիկյան հարաբերությունները ամենացածր մակարդակում էին և նույնիսկ արտաքին գործերի մակարդակում շփումներ չկային։ Բայդենի ժամանակաշրջանում ամբողջ Արցախը հանձնվեց։ Այս ամենն ասում եմ նրա համար, որ հասկանանք՝ որպես այդպիսին պետք չէ հույս կապել ԱՄՆ նախագահների հետ։ Բայց պետք է փորձենք հասկանալ, թե որ կուսակցության ընտրման դեպքում Հայաստանը կշահի և արդյունավետ դիրքորոշումներ կստանա։ Թեև այս ամենը կախված չէ միայն ամերիկահայերի ձայնից, մեջտեղում նաև աշխարհաքաղաքական հարցեր կան, Հայաստան-ԱՄՆ հարաբերությունների հարցը կա։ Ցավոք, Հայաստանի իշխանությունները ստեղծված իրավիճակում գտնվում են շատ թույլ դիրքերում և միջազգաին առումով ասելիք չունեն։ Դրա պատճառով է, որ սփյուռքահայերը չեն կարողանում պահանջներ ներկայացնել և լիարժեք պայքարել Արցախի համար»,- եզրափակել է Մարգարյանը։