Միջազգային գիտական փառատոնում հայ դպրոցականները ստացել են հատուկ մրցանակ՝ հեղինակավոր բուհի կրթաթոշակ

26 Մայիսի 2023, 18:30

Հայեր

Հայկական համադպրոցական գիտության փառատոնի մրցանակակիրներ Իլոնա Արտազյանը և Անժելա Մաթևոսյանն ԱՄՆ Դալլաս քաղաքում մասնակցել են Regeneron միջազգային գիտական և ինժեներական փառատոնին (International Science and Engineering Fair — ISEF):

ԿԳՄՍ նախարարության փոխանցմամբ, փառատոնին հայ աշակերտները ներկայացրել են կենսաքայքայվող պոլիմերային թաղանթի ստացման սարքի նախագիծ, որի համար արժանացել են հատուկ մրցանակի Սաուդյան Արաբիայում գործող «Թագավոր Աբդուլազիզի և ընկերների «Mawhiba» հիմնադրամի» կողմից:

Մրցանակն է՝ արաբական աշխարհում ամենաբարձր վարկանիշ ունեցող համալսարաններից մեկի՝ Թագավոր Ֆահդի անվան Նավթի և միներալների համալսարանի («King Fahd University of Petroleum and Minerals (KFUPM)) ամբողջական կրթաթոշակ և 400 $:

Իլոնա Արտազյանը և Անժելա Մաթևոսյանը «Այբ» դպրոցի աշակերտներ են, որոնք փառատոնին ներկայացված նախագիծը մշակել են դպրոցի «Կանաչ քիմիա» ակումբի շրջանակում:

Նրանց նախագծած սարքն արտադրական պրոցեսի մեջ է դնելու նախկինում ակումբի շրջանավարտների ստեղծած կենսապոլիմերները, որոնք հողում և ջրում քայքայվում են և լավ փոխարինիչ են շրջակա միջավայրի վրա հսկայական բացասական ազդեցություն ունեցող և նավթային հումքով ստացվող պլաստիկների համար։

Ներկայացվել են կենսապոլիմերի որակական հատկանիշները բարելավելուն միտված փորձերը, ինչպես նաև սարքի 3D մոդելը, որի հիման վրա ստեղծվելու է արտադրական սարքը։

Հայ դպրոցականների նախագիծը ներկայացված էր «Բնապահպանական ինժեներիա» անվանակարգում (նախագծին հնարավոր է ծանոթանալ bit.ly/3OhK3F1 հղումով):

Աշխարհի ամենամեծ դպրոցական գիտական մրցույթը համարվող Regeneron-ISEF-ին  այս տարի մասնակցում էին 64 երկրներից և տարածաշրջաններից 1638 դպրոցականներ՝ 1324 նախագծով: Հայաստանի ներկայացուցիչներն առաջին անգամ էին ISEF փառատոնին մասնակցում առկա. 2021 և 2022 թվականներին մեր մասնակցությունը եղել էր հեռավար:

Դպրոցականներին ուղեկցում էին ՀՀ ԿԳՄՍՆ գիտության կոմիտեի գիտական փորձաքննության կազմակերպման բաժնի պետ Հարություն Սարգսյանը և «Այբ» դպրոցի բնագիտական առարկայախմբի և նախագծի ղեկավար Լիլիթ Համբարձումյանը:

Հայ դպրոցականները Regeneron-ISEF փառատոնին մասնակցելու հնարավորությունը վաստակել էին մարտի 25-ին ԵՊՀ-ում կայացած Հայկական համադպրոցական գիտության փառատոնի արդյունքում: 

Փառատոնի ժամանակ ընտրված նախագծերից մեր դպրոցականները կներկայացնեն նաև Բելգիայի Թագավորությունում սեպտեմբերի 13-17-ը կայանալիք Երիտասարդ գիտնականների ԵՄ մրցույթին (EUCYS-2023):

Հիմա եթերում