ԵՄ-ն ԼՂ-ից տեղահանվածներին աջակցելու նպատակով հավելյալ 5,5 մլն եվրո մարդասիրական օգնություն կհատկացնի
13 Փետրվարի 2024, 17:45
Եվրոպական հանձնաժողովը ԼՂ-ից բռնի տեղահանվածներին աջակցելու նպատակով հավելյալ 5․5 մլն եվրո մարդասիրական օգնություն կհատկացնի: Այս մասին հայտնում են Հայաստանում ԵՄ գրասենյակից:
«Մարդկանցից շատերն, ովքեր Հայաստան են տեղահանվել նախորդ տարի տեղի ունեցած լայնածավալ արտագաղթի ընթացքում, իրենց հետ վերցրել են որոշ իրեր, իսկ երբեմն ոչինչ՝ այսպիսով ապավինելով արտակարգ օգնության հասանելիությանը»,- ասված է հաղորդագրության մեջ:
Տրամադրվող ֆինանսավորման 1.5 մլն եվրոն նպատակաուղղված է բարձրացնելու աղետների հանդեպ պատրաստվածությունը՝ հնարավոր ճգնաժամերին խոցելի համայնքների դիմակայունության բարձրացման նպատակով։ Մարդասիրական ֆինանսավորման մյուս 4 մլն եվրոն հիմնականում ուղղվելու է Ղարաբաղից տեղահանված հայերին վաուչերներ և կանոնավոր դրամական փոխանցումներ հատկացնելուն, որը կօգնի նրանց հոգալ իրենց հիմնական կարիքները:
Մարդասիրական գործընկերների միջոցով Եվրոպական միությունը նպատակ ունի աջակցելու կարիքի մեջ մարդկանց համար սննդի, ապաստարանի, առողջապահական խնամքի և հոգեկան առողջության խնամքի ծառայությունների հասանելիությունը և պաշտպանությունը։