«Արցախի կորուստ, համազգային ճգնաժամ. գոյապայքար ՀՀ պետականության և ինքնիշխանության պահպանման համար․ «Հայ Դատն այսօր» 15-րդ խորհրդաժողովը՝ Թեհրանում

19 Փետրվարի 2024, 00:53

Քաղաքականություն

Թեհրանում կայացել է «Հայ Դատն այսօր» 15-րդ խորհրդաժողովը։ Այդ մասին հայտնում են ՀՅԴ կուսակցությունից․

«Արցախի հիմնահարցն ու կորուստը, Հայաստանի ներքաղաքական իրավիճակը, Հայաստան-Սփիւռք յարաբերութիւնները, տարածաշրջանային իրավիճակը եւ այն ամէն մտահոգութիւններն ու ապագայ հնարաւոր զարգացումներն ու մեր անելիքները այն թեմաներն էին, որոնք քննարկւեցին «Հայ Դատն այսօր» 15-րդ խորհրդաժողովում:

Թեհրանի Հայ Դատի յանձնախմբի նախաձեռնութեամբ՝ փետրւարի 15-ին եւ 16-ին, Հայ հասարակական միութեան (Հայ ակումբ) սրահում կազմակերպւել էր «Հայ Դատն այսօր» 15-րդ խորհրդաժողովը՝ Հայաստանից, Արցախից հրաւիրւած հիւրերի եւ իրանահայ երեք թեմերի ներկայացուցիչների ու ազգային մարմինների մասնակցութեամբ:

15-րդ խորհրդաժողովի խորագիրն էր «Արցախի կորուստ, համազգային ճգնաժամ. գոյապայքար ՀՀ պետականութեան եւ ինքնիշխանութեան պահպանման համար:

Սկզբում Թեհրանի հայոց թեմի առաջնորդ Տ. Սեպուհ արք. Սարգսեանն իր օրհնութեան խօսքը փոխանցեց խորհրդաժողովին: Իր ելոյթում Սրբազան Հայրը նշեց, որ Հայ Դատը հարիւրաւոր տարիների դատ է մեր ժողովրդի պատմութեան եւ գոյութեան հետ կապւած, այն օրւանից, երբ Հայաստանը պարագայաբար կորցնում էր իր անկախութիւնը, այդ ժամանակւանից սկսւել է Հայ Դատը: Սրբազան Հայրը դատապարտեց աշխարհի լուռ անտարբերութիւնը Արցախի հարիւր հազարաւոր հայորդիների բռնի տեղահանման եւ Արցախի օկուպացման, իսկ այսօր, նաեւ Գազայում Պաղեստինի ժողովրդի տեղահանման ու նրանց կոտորածի ենթարկելու կապակցութեամբ:

Խորհրդաժողովում Հայ Յեղափոխական Դաշնակցութեան Բիւրոյի անդամ, Բիւրոյի Հայ Դատի եւ քաղաքական հարցերի գրասենեակի պատասխանատու Կիրօ Մանոյեանը, անդրադառնալով «Հայ Դատի պայքարի նորօրեայ թիրախների ճշգրտումը, ռազմավարութեան եւ մարտավարութեան մշակումը առկայ պայմանների եւ իրականութեան ֆոնին» խորագրով ամփոփւած թեմային, համապարփակ գծերով ներկայացրեց Հայաստանի եւ Արցախի շուրջ ստեղծւած իրավիճակը, հասարակութեանը հրամցւող «խաղաղութեան բանակցութիւնների» իրական պատկերը, առկայ մարտահրաւէրներն ու վտանգները:

ՀՅԴ Գերագոյն մարմնի անդամ, ՀՀ Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցութեան պատգամաւոր Լիլիթ Գալստեանն անդրադարձաւ Հայաստանում ներքաղաքական իրավիճակին, ընդդիմութեան անելիքներին առկայ ճգնաժամը յաղթահարելու գործում թեմային:

«ԱԼԻՔ» օրաթերթի գլխաւոր խմբագիր Արամ Շահնազարեանի բանախօսութեան թեման էր. «ԶԼՄ-ների դերակատարութիւնը՝ համահայկական հանրային մտքի ձեւաւորման, հասարակական անտարբերութիւնը վերացնելու եւ իշխանական ամբոխավարական քարոզչութեանը դիմագրաւելու եւ չէզոքացնելու գործում»:

ՀՅԴ Արցախի ԿԿ ներկայացուցիչ, Արցախի Ազգային ժողովի ՀՅԴ խմբակցութեան ղեկավար Արթուր Մոսիեանն, անդրադարձաւ բռնագաղթւած արցախահայութեան սոցիալ-տնտեսական ներկայ իրավիճակին եւ Արցախի Հանրապետութեան պետական-քաղաքական ինստիտուտների պահպանման կարեւորութեանը եւ համապարփակ գծերով ներկայացրեց Հայաստանում արցախահայութեան իրաւական ճղճիմ կարգավիճակը:

Սպահանի հայոց թեմից, Վարուժ Մովսիսեանն անդրադարձաւ ՀՀ իշխանութիւնների կողմից Հայոց պատմութիւնը աղաւաղելու փորձերին՝ նշելով, թէ ինչ նպատակներ են հետապնդում այդ փորձերը եւ ինչ ազդեցութիւն կարող են ունենալ դրանք ապագայում:

Հայոց Առաքելական Եկեղեցու Տաւուշի թեմի առաջնորդ Բագրատ արք. Գալստանեանը համապարփակ գծերով անդրադարձաւ Հայ Առաքելական Եկեղեցու կարելիութիւններին՝ համազգային ճգնաժամը դիմագրաւելու գործում եւ այն մասին, թէ ինչո՞ւ է Հայաստանեայց Առաքելական Եկեղեցին յայտնւել ՀՀ գործող իշխանութիւնների թիրախում: Սրբազան Հայրը իր ելոյթը ամփոփեց Արցախեան նահատակների անաւարտ գործը համազգային համախմբւածութեամբ իր աւարտին հասցնելու հրամայականով:

«ԱԼԻՔ» օրաթերթի խմբագրակազմի անդամ Սիւնէ Ֆարմանեանը, ներկայացրեց «Սփիւռքը մեկուսացնելու փորձը՝ համազգային միացեալ ճակատի թուլացման պատճառ: Ինչո՞ւ են ՀՀ գործող իշխանութիւնները փորձում Սփիւռքին հեռու պահել առկայ քաղաքական գործընթացներից» թեման, իսկ Թեհրանի Հայ Դատի յանձնախմբի նախագահ Իսիկ Իւնանէսեանն անդրադարձաւ Իրանի յարաբերութիւններին թէ՛ Հայաստանի, եւ թէ՛ Ադրբեջանի հետ 44-օրեայ պատերազմից յետոյ: Նա ներկայացրեց այն իրական պատկերը, որն առկայ է աշխարհաքաղաքական իրավիճակի ֆոնին:

ՀՀ Ազգային ժողովի «Պատիւ ունեմ» խմբակցութեան պատգամաւոր, Հայաստանի Հանրապետական կուսակցութեան անդամ եւ քաղաքական վերլուծաբան Տիգրան Աբրահամեանը համապարփակ գծերով անդրադարձաւ ՀՀ արտաքին քաղաքականութեան արեւելման փոփոխութեան եւ ներկայ պայմաններում Թուրքիայի եւ Ադրբեջանի հետ յարաբերութիւնների կարգաւորման վտանգներին:

Քաղաքական վերլուծաբան Արտոյտ Զոհրաբեանն էլ ներկայացրեց «Հարաւային Կովկասում Իրանի կառուցողական ռազմավարութեան դէմ ադրբեջանա-թուրքական, իսրայէլական եւ ՆԱՏՕ-ի քաղաքականութիւնը» թեման: Յատկանշական է, որ իւրաքանչիւր զեկուցաբերի ներկայացրած զեկոյցից յետոյ լսարանին հարցումների, առաջարկների եւ տեսակէտների ներկայացման առիթ էր տրւում:

Երկօրեայ խորհրդաժողովը աւարտւեց ՀՅԴ Բիւրոյի խօսքով, որը ներկայացրեց Կիրօ Մանոյեանը, որը գնահատելով երկօրեայ խորհրդաժողովը, կարեւորեց այն ամէնը, ինչ անհրաժեշտ է իրականացնել Հայաստանի պետականութիւնը ամրապնդելու եւ իրավիճակը բեկելու համար:

Իր հայրական խօսքը փոխանցեց Թեհրանի հայոց թեմի առաջնորդ Տ. Սեպուհ արք. Սարգսեանը: Սրբազան Հայրը իր ելոյթի ընթացքում ընդգծեց, որ հայ ժողովրդի ներկայ իրավիճակը բարեկարգելու միակ ելքը պայքարն է իր բազմաբնոյթ կողմերով: Պայքար մեր լեզւի, մեր հաւատքի, մեր մշակոյթի, ինքնուրոյնութեան պահպանման եւ մեր հողային ամբողջականութեան համար: Սրբազան Հայրը բարձր գնահատեց Թեհրանի Հայ Դատի յանձնախմբի նախաձեռնած խորհրդաժողովը, որը կոչւած է նպաստելու նշւած նպատակների իրագործմանը:

Օրւայ եզրափակիչ խօսքով՝ ՀՅԴ Իրանի հիւսիսային շրջանի Կենտրոնական կոմիտէի խօսքը փոխանցեց Արամ Շահնազարեանը:

Նա ԿԿ-ի անունից երախտիքի եւ գնահատանքի խօսք փոխանցեց Թեհրանի Հայ Դատի յանձնախմբին՝ համաժողովը կազմակերպելու, Թեմակալ առաջնորդին՝ անվերապահ համագործակցութեան եւ աջակցութեան համար, Թեհրանի հայոց թեմի Թեմական խորհրդին, Հայաստանից ժամանած հիւրերին, Իրանի երեք թեմերից մասնակիցներին եւ Հայ ակումբի վարչութեանը՝ անվերապահ համագործակցութեան համար: Նա անդրադարձաւ այն հանգամանքներին, որոնք կարգաւորելով հնարաւոր կը լինի վերադարձնել կորցրածը եւ կերտել հայ ժողովրդի տեսլականը», ասվում է կուսակցության տարածած հաղորդագրության մեջ։ 

Հիմա եթերում