Համո Բեկնազարյանի «Երկիր Նաիրի» ֆիլմը ցուցադրվում է Բրյուսելում

22 Փետրվարի 2024, 00:57

Մշակույթ

Հայ կինոյի 100-ամյակի շրջանակում Բրյուսելի Սինեմատեկում ցուցադրվում են նշանավոր կինոռեժիսոր, սցենարիստ, կինոդերասան, «Հայֆիլմ» կինոստուդիայի հիմնադիր, ՀԽՍՀ ժողովրդական արտիստ Համո Բեկնազարյանի մի քանի ֆիլմեր:

Այս մասին հիշեցնում է Հայաստանի ազգային կինոկենտրոնն ու տեղեկացնում, որ փետրվարի 20-ին և 27-ին Սինեմատեկում ցուցադրվելու է հեղինակի՝ 1930 թվականին նկարահանած «Երկիր Նաիրի» ֆիլմը:

Կինոնկարը նվիրված է Հայաստանում խորհրդային իշխանության 10-ամյակին։ Խորհրդային Միությունում մինչև Ձիգա Վերտովը վավերագրական կինոն ուներ գլխավորապես փաստագրական բնույթ, ինչը բնորոշ էր նաև հայկական վավերագրական կինոյին: Հայկական առաջին «վավերագրական» ֆիլմերը հեղինակել է Համո Բեկնազարյանը։ Նա օպերատոր Ա. Յակովլևի հետ արձանագրել է Գյումրիի երկրաշարժի հետևանքները (1926թ.), իսկ 1930-ին նրանք նկարել են «Երկիր Նաիրի» գեղարվեստա-վավերագրական լիամետրաժ կինոնկարը: Իր ձևաչափով այս ֆիլմը կատարելապես նոր երևույթ էր հայկական կինոյում։