Մոսկվայի փողոցներից մեկը կկրի լեգենդար հետախույզ Գևորգ Վարդանյանի անունը

24 Փետրվարի 2024, 18:15

Հայեր

Նովոմոսկովսկի վարչական շրջանի Սոսենսկոյե բնակավայրում փողոցներից մեկն անվանակոչվել է խորհրդային լեգենդար հետախույզ, Հայրենական մեծ պատերազմի մասնակից, Խորհրդային Միության հերոս, գնդապետ Գևորգ Վարդանյանի անունով:

Մոսկվայի քաղաքապետի հրամանով՝ 2022 թվականի մայիսի 31-ին Մոսկվայում՝ Գևորգ Վարդանյանի անվան թիվ 2070 դպրոցի տարածքում, բացվել է լեգենդար հետախույզի հուշարձանը՝ քանդակագործ Ալեքսանդր Գոլովաչովի և ճարտարապետ Օլեգ Յակովլևի նախագծով։ Նախաձեռնողը «Ռուսաստանի հայերի միություն» համառուսաստանյան հասարակական կազմակերպությունն է։ Նախագծին աջակցել է Ռուսաստանի Դաշնության արտաքին հետախուզության ծառայությունը:

Նշենք, որ այս տարի Հայաստանում և Մոսկվայում անցկացվում են Գևորգ Վարդանյանի 100-ամյակին նվիրված միջոցառումներ:

Հետախույզը ծնվել է 1924 թվականի փետրվարի 17-ին, Դոնի Ռոստովում։ Նա 16 տարեկանից կյւնքը կապել է խորհրդային հետախուզության հետ։ 1940 թվականից ղեկավարել է հատուկ խումբ, որն զբաղվում էր Թեհրանում և այլ քաղաքներում ֆաշիստ գործակալների և գերմանացի հետախույզների բացահայտմամբ։

Գևորգ Վարդանյանի կողքին միշտ եղել է նրա կինը, համախոհն ու գործընկերը՝ Գոհար Լևոնի Վարդանյանը, որ հայրենիքին մատուցած հետախուզական ծառայությունների համար պարգևատրվել է Կարմիր դրոշի շքանշանով։ Լեգենդար հետախույզը մահացել է 2012 թվականի հունվարի 10-ին, Մոսկվայում։