Փաշինյանը չի հասկանում, որ Ռուսաստանի հետ խաղալով՝ վերջնարդյունքը ցավոտ է լինելու․ Արթուր Մարտիրոսյան
07 Մարտի 2024, 22:00
Հայաստանի գործող իշխանությունները հասկանում են, որ չեն կարող ռուսներին միանգամից հանել Հայաստանից, քանի որ հետևանքները ցավոտ կլինեն։ Այս մասին Alpha News-ի ուղիղ եթերում ասաց «CMPartners» խորհրդատվական ընկերության ավագ խորհրդատու, բանակցությունների մասնագետ Արթուր Մարտիրոսյանը։
«Դրա համար փորձում են այն կետերի վրա աշխատել, որոնք դրական արձագանք կստանան, օրինակ՝ Հայաստանի ներսում։ Բա ճիշտ են ասում՝ օդանավակայանում ինչի պետք է ռուսները լինեն։ Մեր ղեկավարությունը փորձում է փոքր քայլերի միջոցով հասկանալ՝ ինչ արձագանք կտա Ռուսաստանը, ինչ հարված կհասցնի։ Եթե չեն ստանում, նորից մի քայլ են անում։ Սա է նրանց ռազմավարությունն այս պահին, բայց չեն հասկանում՝ այս ամենը շատ վտանգավոր է»,- նշեց Մարտիրոսյանը։
Նրա խոսքով՝ Փաշինյանը չի գիտակցում, որ իր քայլերի վերջնարդյունքում հետևանքները մեզ համար ցավոտ և երկարաժամկետ են լինելու։
«Ռուսները շատ լավ հասկանում են, թե ինչ է տեղի ունենում, գիտեն՝ ում զուռնա-դհոլի տակ է կատարվում ամեն բան և ինչ նպատակներ է հետապնդում։ Ուղղակի Փաշինյանին թվում է՝ ռուսները չեն կարող շատ կոշտ արձագանքել, դե որովհետև շատ փոքր քայլեր են իրենց արածները։ Բայց հետևանքները կարող են շատ ցավոտ և երկարաժամկետ լինել։ Եթե դու ժողովրդավար երկրի ղեկավար ես, ուրեմն չես կարող այդպիսի քայլեր անել առանց բավարար կոնսենսուս ստանալու»,- նշեց Մարտիրոսյանը։