Արևմուտքի վրա հույս դնելով՝ մենք կկարողանա՞նք ամենակարևոր բանը ստանալ․ Արթուր Մարտիրոսյան

Եթե նույնիսկ Ֆրանսիան մեզ զենք տրամադրի, այն չի լուծելու մեր ամենակարևոր խնդիրը։ Այս մասին Alpha News-ի ուղիղ եթերում ասաց «CMPartners» խորհրդատվական ընկերության ավագ խորհրդատու, բանակցությունների մասնագետ Արթուր Մարտիրոսյանը։

«Արևմուտքի վրա հույս դնելիս մի հարց է առաջ գալիս՝ մենք կկարողանա՞նք ամենակարևոր բանը ստանալ, թե ոչ։ Ուկրաինայի հետ նրանք ստորագրում են պայմանագրեր, բայց դրանք ոչ մի նշանակություն չեն ունենալու։ Նկատի ունեմ զենքով հնարավոր է օգնեն, բայց զորք հաստատ չեն տրամադրելու։ Ինչ վերաբերում է տեխնիկական, ռազմական համագործակցությանը, ապա դա հնարավոր է և դժվար չէ պատկերացնել, որ Ֆրանսիան ինչ-որ զենք կտրամադրի մեզ, բայց դա չի լուծելու մեր խնդիրը»,- ասաց Մարտիրոսյանը։

Նա վստահեցնում է, որ հրաժարվելով Ռուսաստանից՝ Հայաստանը չի կարողանալու մեկ այլ երկրից ստանալ այն, ինչ ստանում էր ՌԴ-ից։

«Մեզ պետք է ապահովված լինել ոչ միայն զենքով։ Այս պարագայում հարց է առաջանում՝ մենք կկարողանանք այլ երկրների միջոցով ստանալ այն, ինչ տալիս է մեզ Ռուսաստանը, իհարկե՝ ոչ։ Այդ համակարգը չի ստեղծվում մեկ ամսում կամ տարում։ Դա երկար տարիների աշխատանք է։ Այն, ինչ Ուկրաինան ստեղծում էր 10-ը տարի, պարզվեց՝ բավարար չէր։ Բայց Հայաստանի դեպքում թշնամուն երկու ժամը բավարար է, որ Սյունիքը կտրի, բայց մենք մտածում ենք, որ Ֆրանսիան գալու է և ասի՝ մի արեք նման բան։ Բացեք պատմությունը կարդացեք ու տեսեք՝ ինչ եղավ, երբ Ֆրանսիան Թուրքիայի հետ պայմանագիր կնքեց։ Ու երբ նայում ես այլ երկրների շահերին, հասկանում ես, որ Ֆրանսիայի շահերը ավելի շատ համընկնում է Թուրքիայի ու Ադրբեջանի հետ, քան Հայաստանի»,- եզրափակեց Մարտիրոսյանը։