Գերմանացի շեփորահար և կոմպոզիտոր Մարկուս Շտոկհաուզենը ելույթ կունենա Տավուշի մարզում

30 Մայիսի 2023, 11:30

Մշակույթ

Հայաստանի պետական ֆիլհարմոնիան Հայաստանի չորս մարզերում շարունակում է իրականացնել միջազգային համերգաշար՝ չորս հանրահայտ երաժիշտների մասնակցությամբ։
Նախագիծի երրորդ փուլի շրջանականերում ՀՀ Տավուշի մարզում կհյուրընկալվի անվանի շեփորահար և կոմպոզիտոր Մարկուս Շտոկհաուզենը (Գերմանիա)։

Հունիսի 8-ին, ժամը 19:00-ին երաժիշտը հանդես կգա Դիլիջանի «Դիլիջազ» համալիրում։ Համերգին մասնակցում են՝ Կարեն Գրիգորյանը (դաշնամուր), Նիկողայոս Վարդանյանը (թավջութակ), Արման Մնացականյանը (հարվածային գործիքներ):

Բացի այդ, երաժիշտը համերգով հանդես կգա «Առնո Բաբաջանյան» համերգասրահում։ Համերգը տեղի կունենա հունիսի 9-ին, ժամը 19։00-ին: Երեկոյի ընթացքում կհնչեն Մարկուս Շտոկհաուզենի ջազային ստեղծագործությունները՝ շեփորի, էլեկտրոնային գործիքների և ջազ տրիոյի համար:

Մարզային համերգաշարի շրջանակներում Հայաստանի չորս մարզերում կհյուրընկալվեն չորս աշխարհահռչակ երաժիշտներ դաշնակահար Ալեքսեյ Լյուբիմովը (Ռուսաստան), ակորդեոնահար Մարկո Շևարլիչը (Սերբիա), շեփորահար Մարկուս Շտոկհաուզենը (Գերմանիա), ալտահար Վենսան Ռուայեն (Ֆրանսիա)։ Երաժիշտները ելույթներ կունենան համապատասխանաբար՝ Շիրակի, Լոռու, Տավուշի և Սյունիքի մարզերում։ Համերգներից բացի կանցկացվեն նաև վարպետության դասեր և սեմինարներ՝ տեղի երիտասարդ երաժիշտների մասնակցությամբ։

Մարզային համերգաշարի նպատակն է էլ ավելի ակտիվացնել մարզային կյանքն ու տեղաբնակներին նվիրել բարձրակարգ համերգային երեկոներ։

Հայաստանի պետական ֆիլհարմոնիան միջազգային համերգաշարն իրականացնում է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ։