Կարիերաս ավարտելուց հետո ֆուտբոլում հաստատ չեմ լինի․ Հենրիխ Մխիթարյան

21 Մարտի 2024, 20:20

Սպորտ

Հայաստանի ազգային հավաքականի նախկին ավագ Հենրիխ Մխիթարյանը մասնակցել է «Ինտեր» ֆուտբոլային ակումբի նախկին պաշտպան Անդրեա Ռանոկիայի փոդքասթին և հայտնել, որ կարիերան ավարտելուց կմնա Միլանում այնքան ժամանակ, մինչև որդին մեծանա և որոշի՝ ուզո՞ւմ է ֆուտբոլ խաղալ, թե՞ ոչ։

««Ինտեր»-ում առաջին իսկ օրվանից միշտ զգացել եմ ինձ ծանոթ վայրում, կարծես արդեն եղել եմ այստեղ մեկ այլ կյանքում՝ նույն թիմակիցների և երկրպագուների հետ։ Ահա թե ինչն է ինձ զարմացրել։

Ես սկսեցի որպես հարձակվող, հետո սկսեցի խաղալ որպես կիսապաշտպան, իսկ հիմա կենտրոնական կիսապաշտպան եմ, քանի որ բոլորը կարծում են, որ ես արդեն դանդաղում եմ»,- ասել է 35-ամյա ֆուտբոլիստը։

Հենրիխ Մխիթարյանը նաև նշել է, որ տիրապետում է հինգ լեզվի՝ հայերեն, ռուսերեն, անգլերեն, ֆրանսերեն, իտալերեն։

«Ես մոռացել եմ գերմաներենը, քանի որ շատ դժվար էր, ես միայն Դորտմունդում անցկացրած իմ երրորդ մրցաշրջանում շատ լավ խոսեցի: Խաղադաշտից դուրս ես հաճույք եմ ստանում շախմատ խաղալուց. դա ինձ հնարավորություն է տալիս մտածել, հասկանալ, թե ինչպես և ուր գնալ՝ փորձելով կանխատեսել մրցակցի հետագա քայլերը:

Կարիերաս ավարտելուց հետո կմնամ Միլանում, մինչև որդիս մեծանա և որոշի՝ ուզում է ֆուտբոլ խաղալ, թե ոչ։ Եթե նա ցանկանա ֆուտբոլիստ դառնալ, մենք կմնանք Միլանում, եթե ոչ՝ կվերադառնանք Հայաստան։ Ֆուտբոլային կարիերան ավարտելուց հետո հաստատ մարզիչ չեմ լինի, ընդհանրապես ֆուտբոլում չեմ լինի։ Ուզում եմ ավելի շատ ժամանակ անցկացնել ընտանիքիս հետ, սովորել նոր բաներ, օրինակ՝ ճաշ պատրաստել։ Ֆուտբոլիստները մարզիչներ են դառնում, երբ ուզում են փախչել տնից, ազատ լինել, իսկ ես՝ ոչ», — ասել է Հենրիխ Մխիթարյանը։