Հետխորհրդային շրջանի առաջին մանկական օպերան՝ Երևանում
31 Մայիսի 2023, 15:30
Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնը փոքրիկների տոնը՝ Երեխաների պաշտպանության միջազգային օրը, կշնորհավորի Քրիստ Մանարյանի «ՄուկՕպերա» գունեղ, պայծառ ու լուսավոր օպերային ներկայացման առաջնախաղով, որը տեղի կունենա հունիսի 1-ին:
«Արմենպրես»—ի հաղորդմամբ՝ մայիսի 31-ին լրագրողների հետ հանդիպմանը ներկայացման կոմպոզիտոր Քրիստ Մանարյանը պատմում է, որ թատրոնի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Կարեն Դուրգարյանը մի ուշ երեկոյան զանգահարել է իրեն ու առաջարկել մանկական օպերա գրել:
«Ուրախացա շատ, նստեցի ու սկսեցի գրել: Այդ գիշեր գրեթե չեմ քնել ոգևորությունից, ստեղծագործական տվայտանքներից»,- նշում է Մանարյանն ու շնորհակալություն հայտնում Դուրգարյանին, որն իրեն ստեղծագործական ազատություն է տվել, որի մասին շատերը կերազեին: Քրիստ Մանարյանը և՛ երաժշտությունն է գրել, և՛ լիբրետոն:
Նա խոստովանում է՝ օպերան գրելիս առաջին հայացքից համարձակ թվացող հերոսների է գտել, գրելիս ծիծաղել է: «Ձմերուկ, կատու և այլք: Կատուն չի ուտում մկնիկին, որովհետև այդ օրը մկնիկի ծնունդն է: Այդ ամենն իմ գլխում էր ու բավականին արագ հանձնեցի համակարգչին:
Կարող եմ ասել, որ նոր հեքիաթ եմ ստեղծել մկնիկի մասին, որի ծննդյան օրը նրա մայրը որոշում է նրան նվեր անել, սակայն այն խոհանոցում, որտեղ նրանք ապրում են, ուտելու ոչինչ չի մնացել, և մկնիկի մայրը որոշում է գնալ ցորեն փնտրելու, որպեսզի տորթ թխի»,-պատմում է կոմպոզիտորը:
Մանարյանի խոսքով՝ հետխորհրդային շրջանում «ՄուկՕպերա»-ն առաջին մանկական օպերային ներկայացումն է 45 տարվա ընդմիջումից հետո:
«Եթե չեմ սխալվում, առաջին ներկայացումը՝ «Քաջ Նազար»-ը, բեմադրվել է 1935 թվականին, հետո՝ «Խարույկ»-ը, «Արևի ցոլքերում»-ը, «Գիքոր»-ը, «Կիկոսի մահը» և այլն: Բոլոր գործերը եղել են գրական հենքի վրա: «ՄուկՕպերան»-ն առաջինն է, որի հիմքում գրական գործ չկա:
Ասելիքի առումով այն չի ծանրաբեռնում, ինչն արել ենք միտումնավոր, որ թեթև լինի երեխաների համար»,- նշում է Մանարյանն ու հավելում, երեխաները կհասկանան՝ եթե ինչ-որ մեկի համար հիշարժան օր է, պետք է զիջումների գնալ, օգնել նրան այդ օրը գեղեցիկ դարձնել ու իմանալ, որ կան մարդիկ, որոնք կարող են հրաշք գործել:
Կոմպոզիտորը 400-ից ավելի ձայնագրած երգեր ունի, որոնցից 100-ից ավելին մանկական են, ուստի նրա համար դժվար չի եղել, ինչպես ինքն է ասում, մեղեդի ստեղծել, որպեսզի երեխան դահլիճից դուրս գա ու հիշի այն:
Մանարյանը վերջերս լույս է ընծայել Ֆելո կատվի, Մոխի ու Դմբլդոխի մասին պատմող հեքիաթների շարքը: Նա չի բացառում, որ մկնիկի մասին պատմող օպերան ևս շարք դառնա, քանի որ հերոսները հասցրել են սիրվել:
Անդրադառնալով ներկայացման բեմադրող ռեժիսոր Արթուր Սահակյանին՝ Մանարյանը փաստում է, որ նա մեծ աշխատանք է կատարել:
«Այն, ինչ Սահակյանն արել է, շատ գեղեցիկ է: Ես նրան ասել եմ, որ չեմ էլ մտածում, քանի որ գիտեմ, որ կա: Ես նրան լավագույն թատերական ռեժիսորներից եմ համարում, մարդ, որն անսահման երևակայություն ունի, բարի է ու նրա մտահղացումները շատ հետաքրքիր են»,-շեշտում է նա:
Սահակյանը մանուկների համար ժամանակին կյանքի է կոչել «Մեր այբբենարանը» նախագիծը, մանկական ներկայացումներ ևս բեմադրել է, սակայն առաջին անգամ է օպերա բեմադրում ու նշում է, որ իրականում այդ ժանրի մեծ երկրպագու չէ, քանի որ այն պահպանողականությունը, որ կա օպերայում, իրեն կաշկանդում է, իսկ ինքն անսահմանություն է սիրում:
Ասում է՝ երբեք չի մտածել, որ Մանարյանն օպերա կգրի, իսկ ինքը կբեմադրի այն:
«Ինձ համար շատ կարևոր է այն, որ վաղը երեխաների համար նվեր ունենք, իսկ նրանք ամենապայծառն են, որոնց համար արժե ստեղծագործել: Երաժշտությունը շատ լավն է, և ես փորձել եմ այն չկորցնել, փայփայել ու վերածել գործողության ու բեմական պատմության»,-շեշտում է ռեժիսորը:
Սահակյանի համոզմամբ՝ պետք է մանկուց երեխաներին սովորեցնել լավ երաժշտության: Արել են հնարավորը, որ թատրոն գալով՝ երեխաները հայտնվեն այլ աշխարհում, հետևեն գործողություններին և այլն:
«Ներկայացումը երեխաներին օպերային ժանրին ծանոթացնելու կարևոր քայլ է, որովհետև ակադեմիական արվեստը ճաշակ զարգացնելու գործում մեծ դերակատարություն ունի»,-ընդգծում է ռեժիսորը:
Ոճաբան Արայիկ Գաբաջյանն օպերային թատրոնի հետ երրորդ անգամ է համագործակցում: Երբ Դուրգարյանը նրան առաջարկել է աշխատել նաև մանկական օպերայի շուրջ, ոճաբանը շատ ոգևորվել է: Նա պատիվ է համարում Մանարյանի ու Սահակյանի հետ համագործակցելը:
«Դուրգարյանն ասաց՝ ցանկանում է այնպիսի մի բան, որը չի զիջի հոլիվուդյան որևէ ներկայացման, ինչն ինձ առավել ոգևորեց:
Կարծում եմ՝ ստացել ենք այնպիսի գործ թե՛ հագուստի, թե՛ սցենարի, թե՛ երաժշտության առումով, որ չի զիջում որևէ միջազգային նախագծի»,- ասում է Գաբաջյանն ու օպերայի գոյությունը մեծ տոն համարում քաղաքի, հանրապետության համար:
«ՄուկՕպերա»-ն, որի երաժշտական ղեկավարը ՀՀ վաստակավոր արտիստ Կարեն Դուրգարյանն է, դիրիժորը՝ Աթանես Առաքելյանը, բեմադրող նկարիչը՝ Ռաֆայել Խաչատրյանը, գործիքավորողը՝ Մելիք Մավիսակալյանը, կդառնա օպերային թատրոնի խաղացանկային ներկայացումներից մեկը: