«Լեռնային Արցախ»-ի աղջիկների թիմը Հայաստանի առաջնության փոխչեմպիոն է դարձել  

01 Հունիսի 2023, 09:45

Սպորտ

«Լեռնային Արցախ» ֆուտբոլային ակումբի աղջիկների թիմը 2022-2023 թվականների Հայաստանի առաջնությունում գրավել է երկրորդ տեղը:

Այս մասին «Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում տեղեկացրել է ակումբի տնօրեն Մհեր Ավանեսյանը՝ նշելով, որ առաջնությանը մասնակցում էին «Լեռնային Արցախ», «Հայասա», «Արարատ-Արմենիա», «Ուրարտու» ֆուտբոլային թիմերը։

 «Առաջնության մեկնարկը տրվել է 2022 թվականի օգոստոս ամսին, իսկ այսօր վերջին խաղը կայացավ: «Լեռնային Արցախ» աղջիկների թիմը պատվավոր 2-րդ հորիզոնականն է նվաճել՝ ցուցադրելով հիանալի խաղ։ Թիմի կիսապաշտպան  Վերոնիկա Ասատրյանը, լինելով 18 գոլի հեղինակ, առաջնության ընթացքում, դարձել է Հայաստանի Պրեմիեր լիգայի լավագույն ռմբարկու, ինչը մեզ համար մեծ ձեռքբերում է»,-մանրամասնել է Մ. Ավանեսյանը։