Հայոց Ցեղասպանության զոհերի հիշատակը կասկածի տակ դնողները հայ չեն. Մայք Սարյան

Ոչ Հայաստանի գործող իշխանությունը, ոչ իշխանական պատգամավորներից որևէ մեկն իրավունք չունի կասկածի տակ դնել Հայոց ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակը։ Այս մասին Alpha News-ի հետ զրույցում ասաց հասարակական գործիչ, բարերար, բժիշկ Մայք Սարյանը։

«Ոչ ոք չի կարող 100 և ավելի տարիներ հետո գալ ու հարցականի տակ դնել այդ մարդկանց զոհվելու փաստը: Ցավալի է նման բան լսելը, բայց, կարծում եմ՝ այդ ամենի մեղավորը մենք ենք՝ հայերս: Հայ ժողովուրդը չպետք է թույլ տար, որ նման ղեկավարությունը շարունակեր կառավարել երկիրը, ավելին՝ երկու անգամ ընտրեր նրանց: Այդ 1,5 միլիոն զոհերի միակ մեղքը հայ լինելն էր: Եվ այսօր ո՛չ Հայաստանի գործող ղեկավարությունը, ո՛չ էլ որևէ պատգամավոր իրավունք չունի կասկածի տակ դնել անմեղ զոհերի հիշատակը»,- նշեց Սարյանը:

Նրա խոսքով՝ թուրք ժողովուրդը ճանաչում է Հայոց ցեղասպանությունը, իսկ իշխանությունները չեն ընդունում այդ հանցագործությունը, քանի որ գիտակցում են՝ պատասխանատվության են ենթարկվելու։

«Ես ունեմ թուրք գործընկերներ, որոնց հետ աշխատում եմ, և նրանք ընդունում են, որ ցեղասպանություն է եղել: Թուրքիայի ներսում մարդիկ նույնպես ընդունում են այդ փաստը, բայց նրանց իշխանությունները չեն ցանկանում ընդունել դա, քանի որ գիտեն՝ այդ ամենի համար պատասխան են տալու։ Իմ ընտանիքը, մնացածները տեղափոխվել են Լիբանան, Սիրիա կամ մեկ այլ երկիր, որ կարողանան փախչել ցեղասպանությունից: Հազարավոր հայերի քշեցին դեպի Դեր Զոր և սպանեցին։ Մինչ օրս Դեր Զորում սպանված հայերի ոսկորներն են գտնում։ Իմանալով և տեսնելով այդ ամենը՝ ես չեմ կարող համակերպվել այն մտքի հետ, որ որևէ մեկը կարող է կասկածի տակ դնել այդ զոհերի հիշատակը։ Նման մարդիկ ինձ համար հայ չեն»,- նշեց Սարյանը:

Հիմա եթերում