Ստեփանակերտի Ս. Աստվածածին առաջնորդանիստ եկեղեցում մանուկների օրհնության կարգ է կատարվել
01 Հունիսի 2023, 17:15
Ստեփանակերտի Ս. Աստվածածին առաջնորդանիստ եկեղեցում այսօր՝ հունիսի 1-ին, Տեր Մաթևոս քահանա Դրավանցի ձեռամբ մանուկների օրհնության կարգ է կատարվել:
«Այսօր Հայ Առաքելական եկեղեցու Արցախի թեմի Ս. Աստվածածին առաջնորդանիստ եկեղեցում կատարեցինք մանուկների օրհնության աղոթքը և կարգը, որպեսզի Աստված օրհնի մեր բոլոր մանուկներին։ Մեր Տերն օրինակ ցույց տվեց, որ մենք՝ մեծերս, աշխատենք նմանվել մանուկներին, լինենք նրանց նման պարզ։ Մեր Տերը թող օրհնի բոլոր մանուկներին»,- ասել է Տեր Մաթևոս քահանա Դրավանցը:
ՀԱԵ Արցախի թեմի Քրիստոնեական դաստիարակության և քարոզչության կենտրոնի տնօրեն Տեր Վաչագան քահանա Գյուրջյանի խոսքով՝ երեխաները յուրահատուկ տեղ ունեն եկեղեցում, որովհետև Քրիստոսը ճշմարիտ հավատքը երեխաների սրտի պարզության հետ է համեմատում՝ ասելով, եթե չդառնաք երեխաների պես չեք կարող երկնքի արքայություն մտնել։
«Մենք միշտ էլ երեխաներից սովորելու բան ունենք: Նաև իրենցից պետք է սովորենք, թե ինչպես լինել պարզ, անկեղծ և Աստծո հետ շփման մեջ մանկան մաքրության պես։ Մեր ուժի կարևորագույն աղբյուրներից մեկը երեխաներն են, որովհետև յուրաքանչյուր մարդ, որ իսկապես սիրում է երեխաներին, չի կարող թույլ տալ, որ նրանք ենթակվեն բռնության, թշնամու հալածանքներին կամ գերության, ուստի յուրքանչյուր հայ, նայելով իր երեխաների աչքերին, պետք է դրանից ուժ առնի, պատրաստ լինի պայքարելու՝ հանուն նրանց անվտանգության և խաղաղության»,- համոզմունք է հայտնել Տեր Վաչագան քահանա Գյուրջյանը: