Հայաստանն ու Ադրբեջանը պետք է հաշվի առնեն հայերի իրավունքները, որոնք ապրում են սահմանին. Եվրապատգամավոր

25 Ապրիլի 2024, 20:00

Քաղաքականություն

Ես անհանգստանում եմ այն մարդկանց ճակատագրերի համար, որոնք ապրում են Հայաստանի և Ադրբեջանի սահմանին: Alpha Նյուզ-ի հետ զրույցում հայտարարել է Եվրախորհրդարանի իտալացի պատգամավոր Ֆաբիո Մասիմո Կաստալդոն:

«Կարևոր է, որ մենք ունենք խաղաղ գործընթաց, բայց կարևոր է նաև հարգել ինքնորոշման և բուն տարածքներում ապրելու իրավունքը։ Ադրբեջանը ռևիզիոնիստական քաղաքականությամբ փորձում է գրավել Հայաստանի ինքնիշխան տարածքները, և դրանից տուժում են այնտեղ ապրող մարդիկ։ Եվս մեկ անգամ ցանկանում եմ կրկնել երկու կողմերին ուղղված կոչը՝ վերսկսել բանակցությունները և խնդիրները լուծել արդարացիորեն։

Մեր աչքի առաջ տրավմատիկ իրադարձություններ են տեղի ունեցել, ընդամենը մի քանի ամիս առաջ Արցախում զանգվածային արտագաղթ է տեղի ունեցել։ Հայերը ստիպված էին փոքր ուղեբեռով հեռանալ հայրենիքից, նրանք ստիպված էին ընդմիշտ կորցնել հայրենիքը, բայց հուսով եմ՝ ոչ, քանի որ մենք կշարունակենք պնդել անվտանգ պայմաններով և միջազգային ուժերի օգնությամբ վերադառնալու իրավունքը:

Մինչև հիմա այդ պատկերները շոկ են առաջացնում, և ես կոչ եմ անում ԵՄ-ին առավելագույն ճնշում գործադրել Բաքվի, Ալիևի վրա, հարգանք ցուցաբերել տարածքային ամբողջականության նկատմամբ և բանակցություններ սկսել՝ հաշվի առնելով այդ տարածքներում ապրող մարդկանց իրավունքները։ Ես ինքս այցելել եմ մի գյուղ, որը գնդակոծվել է 2020 թվականի պատերազմի ժամանակ և կցանկանայի կրկնել հատկապես այսօր՝ Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրերին, «Մեծ եղեռնը»՝ «Never Never Again»», — ասել է Կաստալդոն։