«Շողակաթ» ՀԸ-ում եկեղեցական բաղադրիչը պետք է նվազեցվի. ՀՌՀ նախագահ

30 Ապրիլի 2024, 17:40

Քաղաքականություն

«Շողակաթ» ՀԸ-ում պետք է հեռարձակվեն կրթամշակութային հաղորդումներ։ Այսինքն՝ դա իր ժանրային ուղղվածությամբ չի լինելու հոգևոր-մշակութային: Այս մասին ԱԺ-ում ասաց Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի նախագահ Տիգրան Հակոբյանը՝ պատասխանելով ՔՊ-ական պատգամավոր Վահագն Ալեքսանյանի հարցին, թե ի՞նչ հեռուստաընկերություն է «Շողակաթ»-ը, ո՞ւմ է պատկանում այն, ի՞նչ պետք է եթեր տա և ի՞նչ է տալիս։

«Այն հանրային հեռարձակողի հեռուստածրագրերից մեկն է, ոչ լիցենզավորված։ Ժամանակին այն կոչվում էր հոգևոր-մշակութային ալիք և նոր օրենքի ուժի մեջ մտնելուց հետո այն պետք է հեռարձակի կրթամշակութային հաղորդումներ։

Խնդիր ունենք, որովհետև այնտեղ կրթական, մշակութային բաղադրիչները բավականին տեղ ունեն, բայց ամենակարևոր բաղադրիչը եկեղեցականն է։ Մենք գտնում են, որ դա պետք է նվազեցվի և պետք է ավելի շատ լինեն այնպիսի հաղորդումներ, ինչի համար «Շողակաթ»-ը ֆինանսավորվում է պետության կողմից։ Դրանք կրթական, գիտական, մշակութային հաղորդումներն են։ Ես ինչքան տեղեկացված եմ, պետությունից բացի նաև Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինն է ֆինանսավորում։ Այնտեղ համաֆինանսավորում է և տարեկան բավականին մեծ գումար նաև Մայր Աթոռն է հատկացնում «Շողակաթ»-ի գործունեության համար։ Ինչ-որ չափով այն ինքնավարություն ունի հանրային հեռարձակողների շարքում»,- ասաց Տիգրան Հակոբյանը։