Ցավոք, հայ ժողովուրդն այսօր էլ շարունակում է խաբված մնալ․ Արենի Համփարյան

02 Մայիսի 2024, 23:15

Կարծիք

Հայաստանի ներկա իշխանության քայլերը հասցնում են նրան, որ Սփյուռքում մարդիկ չեն կարողանում հպարտորեն ասել, որ հայ են։ Այս մասին Alpha News-ի ուղիղ եթերում ասաց ՀՅԴ ՀԵՄ անդամ Արենի Համփարյանը։

«Արդեն 4 տարի է, ինչ մեր հայրենիքը չգիտի հաղթանակն ինչ է։ Հատկապես 2020 թվականի պատերազմից հետո ամբողջ հայ ազգը, Սփյուռքը խաբված է, ու, ցավոք, այսօր էլ շարունակում է մնալ խաբված։ Մենք կարծես թմրած ենք։ Ես ինքս այցելել եմ Արցախ, գնացել եմ Շուշի, տեսել Ղազանչեցոցը, հայ զինվորի արիությունը, բայց 2020-ից հետո նույն հպարտությամբ չեմ կարողանում ինձ հայ կոչել։ Մարդիկ էլ ուժ չունեն հայրենիքը պաշտպանելու։ Իսկ ի՞նչ է անում Հայաստանի գործող իշխանությունը, փորձում է թշնամու հետ խոսել, բանակցել, բայց չէ որ նրանք մեր թշնամին են, ցանկանում են մեզ վերացնել։ Ու, ցավոք, ներկա իշխանության քայլերը հասցնում են նրան, որ այստեղ՝ Սփյուռքում, մարդիկ չեն կարողանում հպարտորեն ասել, որ հայ են»,- նշեց Համփարյանը։

Նա նաև ասաց, որ Սփյուռքում ամեն հայ ինքն է որոշում՝ մնալ հայ, թե ոչ։

«Ես Ամերիկայում եմ ծնվել, բայց շնորհակալ եմ ծնողներիս, որ դեռ փոքր տարիքից ինձ սովորեցրել են հայերեն խոսել, տանը հայկական գրքեր էին կարդում, ու միշտ ասում էին՝ մենք քիչ ենք, ու հենց դրա համար պետք է պահպանենք հայկականը, հայերենը։ Սփյուռքահայերիս համար ավելի դժվար է պահպանել հայի գենը, քանի որ շրջապատում շատ են այլազգիները ու ամեն անգամ չէ, որ կարող ես խոսել հայերեն։ Մենք վարժարանում ընդամենը մեկ ժամ ունեինք հայերեն սովորելու ու խոսելու, բայց այնտեղից դուրս՝ համալսարանում, առօրյայում, դու ես որոշում խոսել հայերեն, թե ոչ, կարդալ Րաֆֆու գրքերը, թե ոչ, մնալ հայ, թե ոչ»,- եզրափակեց Համփարյանը։