Սփյուռքահայերի համար անընդունելի է հրաժարվել Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչումից. Սարգիս Մեսրոպյան
02 Հունիսի 2023, 22:45
Հայող ցեղասպանությունը միայն խոսքով ճանաչելու հարց չէ, մենք շատ լուրջ՝ հողային, կալվածային, դրամական պահանջներ ունենք թուրքական կառավարությունից: Այս մասին Alpha News-ի եթերում ասել է «Կալիֆորնիա Կուրիեր» թերթի հրատարակիչ եւ խմբագիր Հարութ Սասունյանն՝ անդրադառնալով Սփյուռքի գործերով գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանի հայտարարությանը, թե ցեղասպանության միջազգային ճանաչման հարցն ավարտված է:
«Զարեհ Սինանյանը ստորադասեց Հայ դատի հանձնախմբի կատարած աշխատանքը, ասելով, որ այս մարդիկ զբաղվում են միայն ցեղասպանության ճանաչման գործընթացով, եւ հիմա, երբ արդեն ճանաչվել է ցեղասպանությունը, ուրեմն այս մարդիկ անգործության են մատնվել:
Բայց ցեղասպանության ճանաչումը միայն բարոյական հաղթանակ չէ, ցեղասպանության ճանաչումը համաշխարհային օրակարգում է դնում մեր հայկական պահանջատիրությունը: Շատ սխալ է ասել, որ Հայ դատի հանձնախումբը 30 տարի զբաղվում է միայն ցեղասպանության ճանաչման հարցով:
Այդ հանձնախումբը գիշեր-ցերեկ աշխատել է, որ ԱՄՆ-ից շատ օժանդակություն գա Հայաստանի կառավարություն, աշխատել է, որ Արցախի անկախությունը պաշտպանեն, եւ հիմա էլ աշխատում են, որ ճնշում գործադրեն ԱՄՆ նախագահ Բայդենի վրա, որ նա ինչ-որ ձեւով միջամտի եւ մենք փորձենք փրկել արցախահայությանը, քանի որ Նիկոլ Փաշինյանը ամեն ինչ հանձնում է մեր թշնամիներին»,- նշել է Հարութ Սասունյանը:
Նա ընդգծել է, որ Զարեհ Սինանյանի գործառույթը Հայաստանն ու Սփյուռքն իրար կապել է, մինչդեռ Սինանյանը պառակտում է այդ կապը, չարախոսում Սփյուռքի կարեւոր կուսակցությունների, կազմակերպությունների մասին:
«Զարեհ Սինանյանը չի հասկանում, որ այս կամ այն կողմին սիրել-չսիրելը կապ չունի իր պաշտոնի հետ: Իր պաշտոնը պահանջում է, որ ինքը բոլորի հետ գործակցի, որովհետեւ բոլորոն էլ ինչ-որ բան ունեն տալու հայրենիքին»,- ասել է Հարութ Սասունյանը:
Ամերիկահայ բժիշկ Սարգիս Մեսրոպյանն էլ կարծիք է հայտնել, որ Սփյուռքի գործերով գլխավոր հանձնակատարը հայտնել է ոչ թե իր անձնական կարծիքը, այլ արտահայտել է իշխանությունների մտածելակերպը:
«Եթե Զարեհ Սինանյանը կամ իշխանությունները լուրջ հետաքրքրված էին Հայոց ցեղասպանության ճանաչմամբ, ապա պետական մակարդակով կարող էին միջազգային դատական հարթակներում հայց ներկայացնել: Այդ իրավասությունը մեզ տրված չէր:
Ապրիլի 24-ին չօգտագործվեց ցեղասպանություն բառը, այլ կիրառվեց եղեռնը, մինչդեռ ցեղասպանություն բառն ավելի դիպուկ է ներկայացնում, թե ինչ է տեղի ունեցել: Այսօր միջազգային քրեական ատյաններում ցեղասպանություն բառն ունի իր հետեւանքները, իսկ եթե մեր իշխանությունները պետք է հրաժարվեն Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչումից, դա մեզ համար անընդունելի է»,- ասել է Սարգիս Մեսրոպյանը:
Հիշեցնենք՝ մայիսի 31-ին, Սփյուռքի գործերով գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը լրագրողների հետ զրույցում ասել էր, որ ցեղասպանության միջազգային ճանաչման հարցն ավարտված է: Նա նշել էր, որ Հայոց ցեղասպանության փաստի ճանաչման գործունեությամբ զբաղվող Հայ դատի հանձնախումբը դուրս է եկել դաշտից, եւ ինքը չի հասկանում, թե ինչով է զբաղված հիմա այդ կառույցը:
«30 տարի մենք ցեղասպանության ճանաչման համար Սփյուռքում հսկայական ռեսուրսներ ենք օգտագործել, բայց հասանք մարտավարական արդյունքների, ռազմավարական արդյունքների չհասանք: Այսինքն՝ ցեղասպանությունը ճանաչվեց, մենք տարանք բարոյական հաղթանակ, բայց դրանով այսօրվա հայ ժողովրդի անվտանգությունը չբարելավվեց:
Երկար հարյուրամյակներ որպես պետականություն չունեցած ազգ մենք մտածել ենք՝ ոնց անենք, որ ողջ մնանք 2 շաբաթ: Իսկ մեզ պետք է ստրատեգիական մտածողություն»,- ասել էր Զարեհ
Սինանյանն ու հավելել, որ ցեղասպանության ճանաչումն օդի մեջ բան չի տալիս Հայաստանին՝ բացի բարոյական շոյվածությունից։