Արցախի ժողովրդի գործը պետք է փոխանցվի ՄԱԿ-ի միջազգային դատարան. Րաֆֆի-Ֆիլիպ Քալֆայան

20 Ապրիլի 2026, 17:40

Քաղաքականություն

«Ես օժտված եմ Արցախի իշխանությունների կողմից տրված հատուկ մանդատով՝ իրականացնելու մի նախագիծ, որի էությունը կայանում է նրանում, որ համոզել որևէ պետության՝ Արցախի ժողովրդի գործը փոխանցել Միջազգային դատարան»,- Alpha News-ի հետ զրույցում ասել է ֆրանսիացի իրավաբան, խորհրդատու, միջազգային հանրային իրավունքի փորձագետ Րաֆֆի-Ֆիլիպ Քալֆայանը:

Ըստ նրա՝ քանի որ Միջազգային դատարանը քննում է միայն միջպետական դիմումներ, անհրաժեշտ է, որ մի պետություն հանդես գա որպես հայցվոր՝ ընդդեմ մեկ այլ պետության։

«Համապատասխանաբար, նպատակը կայանում է նրանում, որ համոզել որևէ պետության՝ ստանձնել Արցախի ժողովրդի իրավունքների և շահերի ներկայացումը և նախաձեռնել դատական գործընթաց, այդ թվում՝ վերադարձի իրավունքի հարցով։

Ինչ վերաբերում է անվտանգության երաշխիքների հարցին, դա առանձին թեմա է։ Սակայն, եթե դատավարության ընթացքում դատարանն անհրաժեշտ համարի անդրադառնալ այդ հարցին, ապա դա կանի։ Իր հերթին, գործնական միջոցների և դրանց իրականացման ընթացակարգի որոշումը կարող է վերապահվել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի իրավասությանը»,-նշել է Քալֆայանը։

Նրա խոսքով՝ դատարանը հիմնականում կքննի վերադարձի իրավունքի հարցը։

«Մենք ակնկալում ենք, որ դրա վերաբերյալ որոշումը կլինի դրական։ Սա հիմնարար սկզբունք է։ Սակայն վերադարձի կոնկրետ մեխանիզմներն ու կարգը պետք է սահմանվեն ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի կողմից։ Ես նախաձեռնել եմ այս աշխատանքը, քանի որ Հայաստանի կառավարությունը որոշում է ընդունել հետ կանչել գործը ՄԱԿ-ի Միջազգային դատարանից։ Արդյունքում՝ Արցախի հարցը մնում է վտանգված՝ առանց պատշաճ իրավական քննության։

Մինչ այժմ հիմնական խոչընդոտը Հայաստանի կառավարության դիրքորոշումն է, որը դեմ է այս հարցի առաջմղմանը։ Սա լուրջ խոչընդոտ է, սակայն չի կարող ծառայել որպես անգործության պատճառ։ Այն սկզբունքները, որոնց վրա հիմնվում ենք, հիմնարար են և չեն կարող վիճարկվել՝ ո՛չ Հայաստանի կառավարության, ո՛չ էլ որևէ այլ պետության կողմից։ Համապատասխանաբար, նրանք չեն կարող մերժել մեր փաստարկները։ Լավագույն դեպքում կարող են հղում անել ՀՀ կառավարության կողմից պաշտոնական դիմումի բացակայությանը, սակայն դա չի վերացնում այն փաստը, որ մեր փաստարկները իրավաբանորեն հիմնավորված են»,- նշել է նա։