Արցախում Ռուսաստանի ռազմական ներկայությունը փոխարինվում է դիվանագիտահետախուզական ներկայությամբ. Հակոբ Բադալյան
28 Մայիսի 2024, 15:41
Եթե անգամ Ստեփանակերտում ռուսական հյուպատոսության բացման մասին հարցը չլիներ, ես չեմ կարծում, որ մենք հիմք ունեինք կարծելու, որ Ռուսաստանը հեռանում է տարածաշրջանից: Այս մասին Alpha News-ի հետ զրույցում ասաց քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանն՝ անդրադառնալով հարցին՝ ռուսական հյուպատոսության հնարավոր բացումը նշանակո՞ւմ է, որ Ռուսաստանը չի հեռանում այս տարածաշրջանից:
«Ինչ վերաբերում է հյուպատոսության բացմանը, ապա դրա մասին հայտարարությունը բավականին անսպասելի էր: Մինչեւ այդ որեւէ խոսակցություն չէր էլ եղել: Հետաքրքիր է, որ շաբաթներ առաջ նույն կերպ անսպասելի հայտարարվեց, որ Մոսկվան ու Բաքուն որոշել են վաղաժամ դուրս բերել ռուս խաղաղապահներին Արցախից, այն դեպքում, երբ դեռ ժամկետը չէր լրացել: Բայց հանկարծ հայտարարվեց դրա մասին, ընդ որում՝ Պուտին-Ալիեւ մակարդակով: Կարծում եմ, որ հյուպատոսության հարցը այդ որոշման համատեքստում է քննարկվել եւ ըստ էության պայմանավորվածություն է եղել ռուսական ռազմական ներկայության փոխարեն դիվանագիտական ներկայություն ապահովել Արցախում»,- ասաց Բադալյանը:
Քաղաքական մեկնաբանի խոսքով՝ թեեւ դիվանագիտական ներկայացուցչությունը սահմանափակ է, այդուհանդերձ, պաշտոնական Մոսկվան Բաքվին հիշեցնում է, որ ձեռք բերված համաձայնությունը պետք է այս տարվա ընթացքում իրականացնել:
«Գուցե մտավախություն կա, որ հնարավոր է Ադրբեջանը փորձի խուսափել նաեւ դրանից: Սա նշանակում է, որ Արցախում Ռուսաստանի ռազմական ներկայությունը փոխարինվում է դիվանագիտահետախուզական ներկայությամբ, որովհետեւ բոլորս էլ հասկանում ենք, որ դիվանագիտական առաքելությունները մեծ հաշվով նաեւ լինում են այդպիսի հատուկ ծառայությունների որոշակի հենակետեր: Սա կարծում եմ՝ Ադրբեջանն էլ շատ լավ պատկերացնում է»,- ասաց Հակոբ Բադալյանը: