Ես կողմնակից եմ, որ բանադրանք լինի որոշակի երևույթների վերաբերյալ․ Ռուբեն վարդապետ Զարգարյան
28 Մայիսի 2024, 22:28
Կան շրջանակներ, որոնք շահարկում են այն փաստը, որ եկեղեցին պետք է սեր քարոզի, մինչդեռ նզովքից ու բանադրանքից է խոսում։ Այս մասին Alpha News-ի ուղիղ եթերում ասաց Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի միաբան Ռուբեն վարդապետ Զարգարյանը։
«Ես կողմնակից եմ, որ բանադրանք լինի որոշակի երևույթների վերաբերյալ, որոնց մի մասը ապրիլի 23-ի երեկոյան հնչեց Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի դիվանապետ Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանի շուրթերով։ Դա շատ լավ պատրաստված տեքստ էր, հատկապես նզովքի հատվածը։ Իմ կարծիքով՝ մի փոքր հավելում անելուց հետո կարելի է պաշտոնականացնել։ Կան շրջանակներ, որոնք շահարկում են այն փաստը, որ եկեղեցին պետք է սեր քարոզի, մինչդեռ նզովքից ու բանադրանքից է խոսում, նրանք ուղղակի տեղյակ չեն, որ Նոր կտակարանում առաքյալների կողմից մենք բազմաթիվ նզովքների ենք հանդիպում, բացի դա մենք ամեն կիրակի Սուրբ պատարագի ընթացքում հավատամքը արտասանելուց հետո նզովում ենք։
Ավելին ասեմ՝ հոգևորականները երբ ձեռնադրվում են, ձեռնադրության նախորդ օրը ծնկի են իջնում խորանի առաջ, ապա մի կողմով մերժում և բանադրում են այն ուղղություններն ու դրանց հեղինակներին, որոնք ուղղափառությունից դուրս վարդապետություն են տարածել և կեցվածք են ունեցել, հատկապես աղանդավորներին։ Բայց մյուս կողմից խոստովանում են և ընդունում այն վարդապետությունը, որ եկեղեցու ամբողջ պատմության ընթացքում Սուրբ հայրերը զարգացրել են, և հենց այդ հայրերին են խոստովանում, որ հետևում են իրենց ճանապարհին»,- ասաց վարդապետ Զարգարյանը։
Նա միաժամանակ նշեց, որ «եկեղեցու զավակ ենք ասելով՝ եկեղեցու զավակ չեն դառնում»։
«Այսինքն՝ նզովքը, բանադրանքը եկեղեցու կյանքի մասն են կազմում, և այդտեղ զարմանալու բան չկա։ Այն մարդիկ են զարմանում, որոնք եկեղեցուց հեռու են։ Իրենց շուրթերով իրենք եկեղեցու զավակ են, բայց իրենց կյանքում դուրս են եկել եկեղեցուց։ Նույնն այս մարդիկ են։ Եկեղեցու զավակ ենք ասելով՝ եկեղեցու զավակ չեն դառնում։ Այո, եթե մկրտված են, ապա եկեղեցու զավակ են, բայց կարող են լինել անառակ զավակ կամ ապստամբ զավակ։ Նզովքն ու բանադրանքը վերջին գործիքներն են, որ եկեղեցին կարող է կիրառել։ Եկեղեցին ուժային կառույց չէ, այդպիսի գործիքակազմ չունի և իր ամբողջ ուժն իր խոսքի և վարդապետության մեջ է»,- եզրափակեց Ռուբեն վարդապետ Զարգարյանը։