Սարդարապատում եկեղեցու նկատմամբ դրսևորված վերաբերմունքը պետական մակարդակով խուլիգանություն է․ Ռուբեն վարդապետ Զարգարյան

28 Մայիսի 2024, 23:00

Կարծիք

Սարդարապատի հուշահամալիրում եկեղեցու նկատմամբ դրսևորված վերաբերմունքը պետական մակարդակով խուլիգանություն է։ Այս մասին Alpha News-ի ուղիղ եթերում ասաց Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի միաբան Ռուբեն վարդապետ Զարգարյանը։

«Ոստիկանները գոնե իրենց այդպես չպետք է պահեն։ Իրենց քաղաքական ղեկավարությունը չի հասկանում դա և առճակատման է գնում։ Ոստիկանությունն ուժային կառույց է, և ստացվում է նրանց մտցրել են քաղաքականության մեջ։ Մեր եկեղեցուն են մեղադրում քաղաքականությամբ զբաղվելու մեջ, բայց իրենք Սահմանադրությամբ ամրագրված ուժային կառույցներին քաղաքականացրել են։ Եվ այսօր նրանք չեզոք պետական ուժեր չեն, այլ զուտ ծառայում են իշխանությանը։ Մենք էլ պետության մաս ենք կազմում, ես Հայաստանի Հանրապետության քաղաքացի եմ, անձնագիր ունեմ, ընտրություններին եմ մասնակցում, հարկեր եմ տալիս, իսկ եթե խախտում եմ անում, սանկցիա են կիրառում։ Հետևաբար ոստիկանությունը չեզոք կառույց պետք է լինի բոլոր կողմերի համար, բայց այսօր ոստիկանությունը դարձել է իշխանության ձեռքում բութ գործիք»,- ասաց վարդապետ Զարգարյանը։

Հարցին՝ թե նման բնույթի և բովանդակության գործողությունները կարո՞ղ են շարունակական լինել կամ ավելի սուր դրսևորումներ ունենալ, նա նշեց․

«Ես այսօր Հայաստանի գործող իշխանությունից ամեն բան ակնկալում եմ։ Ամեն ինչ էլ հնարավոր է։ Մեր երկրի փաստացի ղեկավարը ադեկվատ չէ, կորցրել է իրականության զգացումը»,- եզրափակեց Ռուբեն վարդապետ Զարգարյանը։