Հայ դուդուկահարները հայկական երաժշտությունը ներկայացրել են Լոնդոնի բեմում

01 Հունիսի 2024, 00:21

Մշակույթ

Գավառցի անվանի դուդուկահար Հարություն Չքոլյանը և Գավառի Հենրիկ Թալալյանի անվան երաժշտական դպրոցի դուդուկի դասատու Կարեն Սիրականյանը, Լոնդոնի սիմֆոնիկ նվագախմբի դիրիժոր Կիրիլ Կարաբիցի հրավերով, սիմֆոնիկ նվագախմբի հետ հանդես են եկել Անգլիայի մայրաքաղաք Լոնդոնի Royal Festival համերգասրահում։

Ինչպես տեղեկանում ենք Գավառի համայնքապետարանի աշխատակազմից, Հարություն Չքոլյանն ու Կարեն Սիրականյանը Լոնդոնի սիմֆոնիկ նվագախմբի հետ, Կիրիլ Կարաբիցի դիրիժորությամբ, կատարել են Ավետ Տերտերյանի երրորդ սիմֆոնիան՝ գրված զուռնայի և դուդուկի համար։

«Մեր դուդուկահարների կատարումներն ընդունվել են ծափողջույններով ու հիացմունքով։ Հարություն Չքոլյանն ու Կարեն Սիրականյանը հրավեր ունեն նաև Ֆրանսիայից, որտեղ ևս հանդես կգան նույն կատարումով։ Շատ հպարտ ենք, որ մեր դուդուկահարները կարողանում են փայլել նաև միջազգային բեմերում»,- նշել են Գավառի համայնքապետարանի աշխատակազմից։