Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը՝ հանդիսատեսին կներկայացնի Խաչատրյանի ստեղծագործությունները

06 Հունիսի 2023, 19:17

Մշակույթ

Այսօր 20-րդ դարի մեծագույն կոմպոզիտոր, ուսուցիչ Արամ Խաչատրյանի ծննդյան 120-ամյակն է: Ողջ տարվա ընթացքում Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը հայ և օտարերկրյա հանդիսատեսին կներկայացնի Խաչատրյանի ստեղծագորությունների ողջ գունապնակը թե՛ Հայաստանի մայրաքաղաքում, թե՛ մարզերում, թե՛ արտասահմանյան հյուրախաղերի ժամանակ:

Ազգային ֆիլհարմոնիկի «Երևանյան 15-րդ միջազգային երաժշտական փառատոնը», որի բացումը տեղի կունենա սեպտեմբերին, նվիրված է Խաչատրյանի 120-ամյակին: Փառատոնի շրջանակում, բացի տարբեր անվանի մենակատարների և դիրիժորների մասնակցությամբ համերգները, կլինի աննախադեպ շրջագայություն հայաստանի մարզերով հայ ունկնդրի կողմից սիրված, աշխարհահռչակ ջութակահար Սերգեյ Խաչատրյանի հետ: Նվագախումբը համերգներով կայցելի Մեղրի, Գորիս, Կապան, Գյումրի և իհարկե չի անտեսվի նաև Երևանը:

Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի խաչատրյանական տարվա արտասահմանյան հյուրախաղերի աշխարհագրությունը հետևյալն է՝ ԱՄՆ, Կանադա, Հունաստան: Հատկապես նշանակալից է նոյեմբերի 15-ին Նյու Յորքի հեղինակավոր Քարնեգի հոլլում տեղի ունեցող համերգը, որտեղ որպես մենակատար հանդես կգա ջութակահար Սերգեյ Խաչատրյանը՝ Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Էդուարդ Թոփչյանի ղեկավարությամբ: Համերգներին կհնչեն բացառապես Խաչատրյանի ստեղծագործությունները: