Թուրքիան տևական ժամանակ պանթուրքիստական քարոզչություն է իրականացրել իրանական Ադրբեջանում, ինչը միշտ խիստ բացասական է ընկալվել. Կարինե Գևորգյան
04 Հունիսի 2024, 15:25
Իրանագետ և քաղաքագետ Կարինե Գևորգյանը Alpha News-ի հետ զրույցում մեկնաբանել է տարածաշրջանում Թուրքիայի և Ադրբեջանի հզորացման գործոնի նկատմամբ Իրանի վերաբերմունքը և նշել, որ իրանական իշխանությունները բավական երկար ժամանակ շատ մեծ զորակազմեր են պահում հենց Թուրքիայի և Ադրբեջանի հետ սահմանին:
«Իրանում դրան բացասաբար են վերաբերվում, մանավանդ որ, Թուրքիան երկար ժամանակ պանթուրքիստական քարոզչություն է իրականացրել իրանական Ադրբեջանում, ինչը միշտ էլ խիստ բացասական է ընկալվել։ Եվ հենց այդ պատճառով էլ իրանական իշխանությունները բավական երկար ժամանակ շատ մեծ ռազմական կոնտինգենտներ են պահում հենց Թուրքիայի և Ադրբեջանի հետ սահմանին։ Ես հիշեցնեմ, որ դրանք հարյուր հազար զինծառայողներ են և Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի քառասուն հազար մարտիկներ։
Այն ժամանակ, երբ այդ զորակազմն ուժեղացվել էր, Էրդողանը հայտարարություն էր արել, որ իրենք էլ ինչ-որ բան կուժեղացնեն, բայց ինչպես պարզվեց, նրա հնարավորություններն այդքան էլ մեծ չեն։ Թուրքական զորախումբը, որն այս տարածաշրջանում առկա է Հայաստանի և Վրաստանի սահմանների մոտ, չի գերազանցում 40 000-ը, բայց Ադրբեջանի հետ միասին դա կարող է լինել ինչ-որ տեղ 70 000 մարդ։ Բայց միևնույն է, դա կիսով չափ քիչ է, քան այն զորքերը, որոնք Իրանը պահում է սահմանների մոտ։ Հաշվի առնելով, որ Իրանը շատ լուրջ սպառազինություն և մարտական փորձ ունի արդեն իսկ ձեռք բերված Սիրիայում, ապա Թուրքիայի կամ Ադրբեջանի կողմից բավական ռիսկային է տարածաշրջանում ինչ-որ ռազմական գործողություններ նախաձեռնելը: Մանավանդ որ, որքան ես եմ նկատում, ներկա պայմաններում Իլհամ Ալիևը փորձում է հեռու մնալ Անկարայից», — նշել է Կարինե Գևորգյանը։