Հայաստանի համար օրհասական այս պահին առաջնայինը ապօրինի սահմանազատումը կանգնեցնելն է․ քաղաքագետ
05 Հունիսի 2024, 22:10
Ժամանակավոր կառավարության ամենակարևոր ֆունկցիան պիտի լինի ներքին համերաշխության հաստատումը։ Այս մասին Alpha News-ի ուղիղ եթերում ասել է քաղաքագետ Արա Պողոսյանը։
«Ժամանակավոր կառավարությունները, սովորաբար լինելով անցումային շրջանի կառավարություններ, բախվում են բազմաթիվ խնդիրների։ Այդ խնդիրները կապված են ինչպես արտաքին, այնպես էլ ներքին գործընթացների հետ։ Հետևաբար, այստեղ չափազանց կարևորում եմ ներքին գործընթացները, որտեղ նշվում է ներհասարակական համերաշխություն հաստատելը։ Կարծում եմ, որ այս կառավարության ամենակարևոր ձեռքբերումը, ֆունկցիան պիտի լինի ներքին համերաշխության հաստատումը, այնուհետև՝ արտահերթ ընտրությունների անցկացումը։ Այս երկուսն են ֆունդամենտալ։
Եթե, օրինակ, հիմա խոսենք տնտեսության, անվտանգության և այլնի մասին, սրանք բազմաճյուղ են, որոնց մասին, բնականաբար, իմաստ ունի ու պետք է խոսել, բայց մեծ ակնկալիքներ ունենալ, որ որևէ ժամանակավոր կառավարություն ի վիճակի է լինելու կարճ ժամանակահատվածում՝ կլինի 6 ամիս, թե 1 տարի, լուծի այդ ոլորտների խնդիրները, տրամաբանական չէ»,- բացատրել է քաղաքագետը։
Պողոսյանն ահազանգել է՝ Հայաստանի համար օրհասական այս պահին առաջնայինը ապօրինի սահմանազատումը կանգնեցնելն է։
«Այս ընթացքում չափազանց կարևոր է դադարեցնել այն գործընթացը, որ շարունակվում է այսօր՝ հաշվի չառնելով հայ ժողովրդի ու Հայաստանի Հանրապետության շահերը, խոսքը սահմանազատման ու սահմանագծման աշխատանքների մասին է։ Արդեն հաջորդիվ՝ հասնել ներքին համերաշխության հաստատմանը, բաժանարար գծերի ջնջմանը»,- կարծում է Արա Պողոսյանը։
Մեր զրուցակիցն միաժամանակ ընդգծել է, որ ՀՀ օրենսդրությունը համապատասխանեցված չէ ժամանակավոր կառավարություն ձևավորելուն։
«Երբ խոսում ենք արտահերթ ընտրությունների մասին, պիտի նկատի ունենանք՝ օրենսդրությունը համապատասխանեցված չէ ճգնաժամային իրավիճակին, այսինքն՝ թե՛ կուսակցական, թե՛ ընտրական համակարգը ընդհանրապես համապատասխանեցված չեն այն իրավիճակին ու այն օրվա հրամայականին, որի առջև այսօր կանգնած է Հայաստանի Հանրապետությունը։
ՀՀ-ն այսօր կանգնած է թե՛ ներքին, թե՛ արտաքին մարտահրավերների առաջ, ու ներքին օրենսդրությունը, հատկապես՝ քաղաքական համակարգը, պետք է համապատասխանի այս ելակետային սկզբունքներին։ Դրա համար շատ լուրջ աշխատանք է պահանջվում՝ կոմպետենտ անձանց կողմից»,- եզրափակել է Արա Պողոսյանը։