Բռնի տեղահանված արցախցի երեխաները ժամանել են Ռուսաստան՝ ամառային հերթափոխի

08 Հուլիսի 2024, 09:52

Հայեր

Իվանովոյի Ե. Դ. Ստասովայի անվան «Ինտերդոմ» միջազգային դպրոցում մեկնարկել է «Վաղը չէ մյուս օրը» երիտասարդական նախագծի ամառային հերթափոխը: Միջոցառմանը կմասնակցեն 60 դպրոցականներ Արցախից։ Այս մասին հայտնում է Հայաստանում ռուսական տան տելեգրամյան ալիքը։

Հերթափոխի շրջանակներում երեխաները կծանոթանան Ռուսաստանի մշակույթին։ Ծրագիրը ներառում է վարպետության դասեր, ստեղծագործական հանդիպումներ, էքսկուրսիաներ դեպի Մոսկվա և Ոսկե օղակի քաղաքներ, ռուսաց լեզվի ուսուցում և հաղորդակցություն Ռուսաստանի հասակակիցների հետ: Խաղերի միջոցով նրանք կսովորեն աշխատել թիմում, լսել միմյանց և միասին լուծել խնդիրները։

Նրանց ժամանումը Ռուսաստան կազմակերպելու հարցում օգնել են ՌԴ լուսավորության նախարարության միջազգային համագործակցության կենտրոնը, «Ժառանգություն և առաջընթաց» բարեգործական հիմնադրամը, ինչպես նաև «Ռոսսոտրուդնիչեստվո»-ի ներկայացուցչությունը Երևանում:

«Վաղը չէ մյուս օրը» նախագծի արցախցի երեխաների հերթափոխի համակազմակերպիչը ՌԴ նախագահին առընթեր Երեխայի իրավունքների հարցերով լիազոր Մարիա Լվովա-Բելովային կից «Երկիր երեխաների համար» բարեգործական հիմնադրամն է: