Տարոն Աճեմօղլուին շնորհվել է Մասաչուսեթսի ինստիտուտի պրոֆեսորի կոչում

16 Հուլիսի 2024, 00:36

Հայեր

Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտը հայազգի աշխարհահռչակ տնտեսագետ Տարոն Աճեմօղլուին շնորհել է բուհի պրոֆեսորի կոչում։

«Աճեմօղլուն արժանացել է ինստիտուտի բարձրագույն կոչման գիտության ոլորտում հատուկ նվաճումների և բուհական կրթության զարգացման համար», — ասվում է ինստիտուտի տարածած հաղորդագրության մեջ:

Իր հերթին, տնտեսագետը X-ի իր էջում շնորհակալություն է հայտնել Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտին բարձր գնահատականի համար և հայտարարել համալսարանում գիտական և դասախոսական գործունեությունը շարունակելու մասին։

Ինստիտուտի պրոֆեսորի կոչմանն արժանացել է նաև քաղաքագետ Սյուզան Բերգերը։

Տարոն Աճեմօղլուն ծնվել է 1967 թվականին ստամբուլահայ ընտանիքում ։ 1989 թվականին ավարտել է Մեծ Բրիտանիայի Յորքի համալսարանը։ Գիտությունների դոկտորի աստիճանը ստացել Է Լոնդոնի տնտեսագիտության դպրոցում։ Աճեմօղլուն վերջին 15 տարիներին գիտական և դասախոսական գործունեություն է ծավալում Մասաչուսեթսի տեխնոլոգիական համալսարանում: Մի քանի տարի անընդմեջ Աճեմօղլուն համարվում է տնտեսագիտության Նոբելյան մրցանակի հավակնորդ։