Հայաստանը գնում է ԱՄՆ-ի հերթական անդրծովյան գաղութ դառնալու ճանապարհով
19 Հուլիսի 2024, 12:03
(Ե՞րբ ՀԱՊԿ նիստին կտեսնենք Հայաստանի ՊՆ-ից ամերիկացի ներկայացուցչին)
Քաղաքագետ Բենիամին Մաթևոսյանն Alpha News-ի եթերում «Վերնագիր» հեղինակային հաղորդման ընթացքում ներկայացրել է թեմայի շուրջ մասնագիտական վերլուծություն, որում մասնավորապես ասվում է.
«Ինչ-որ պահի մենք անպայման կիմանանք, թե ինչ է տեղի ունեցել Հայաստանում 2018 թվականին՝ ով է եղել հայտնի իրադարձությունների տիկնիկավարը։ Հիմնավոր կասկածները կփոխարինվեն փաստաթղթերով և փաստերով։ Սակայն անկախ այն բանից, թե ինչ կիմանանք ապագայում, արդեն այսօր կարող ենք արձանագրել, որ 2018-ին և 2021-ին տեղի է ունեցել քաղաքական շուլերություն, գռեհիկ խաբեություն։
Գրեթե այն ամենը, ինչի մասին խոսում էին իշխանությունները 2018 և 2021 թվականներին տեղի չի ունեցել. խոստացան սիրո և հանդուրժողականության մթնոլորտ, բայց այն, ինչ մենք ստացանք, ատելություն և հասարակության պառակտում էր: Հայտարարեցին, որ Արցախը Հայաստան է, իսկ այսօր Էրդողանից ու Ալիևից ավելի բարձր են գոռում, որ Արցախը Ադրբեջան է: Խոստացել էին, որ «մեր գերիները մեկ-երկու ամիս կսպասեն» և 21-ի ընտրություններից հետո տուն կվերադառնան, սակայն ընտրություններից հետո Փաշինյանը փստացի նոր գերիներ հանձնեց՝ ի դեմս Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության։ Խոստանում էին բարձրացնել ինքնիշխանության մակարդակը, ինչին հնարավոր չէ հասնել առանց ինքնաբավության մակարդակի բարձրացման, բայց այսօր մենք տեսնում ենք, որ այդ մարդկանց ընկալման մեջ «ինքնիշխանությունը» երկրի բացահայտ հանձնումն է արտաքին կառավարման։
Հայաստանում, իհարկե, կան այնպիսի մարգինալացված մարդիկ, և նրանց թիկունքում կան որոշակի քաղաքական գործիչներ, որոնք համոզում են, որ «Փաշինյանը Պուտինի նախագիծն է», բայց մենք տեսնում ենք, որ Հայաստանի բացահայտ արտաքին կառավարումը հասել է այն փուլին, երբ ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Ուզրա Զեյան հայտարարում է, որ ՀՀ ՊՆ-ում ամերիկյան բանակի ներկայացուցիչ կաշխատի:
Այո, Սուրեն Պապիկյանը «նոր շեֆ ունի», որին, բացի Նիկոլ Փաշինյանից, այսուհետ հաշվետվություններ կբերի, սակայն «ՔՊ»-ում ներտեսակային հարաբերությունների խնդիրները մեզ ավելի քիչ պետք է անհանգստացնեն, քան այն խնդիրները, որոնց կբախվի հայոց պետականությունը։
Ուկրաինայում ներկայիս հակամարտությունը բաղկացած է հսկայական թվով ենթախնդիրներից, որոնցից մեկը հենց արտերկրյա պաշտոնյաների և խորհրդատուների առկայությունն էր Ուկրաինայի պետական կառավարման համակարգում: Պաշտոնյաներ, որոնք տրամաբանորեն պաշտպանել ու պաշտպանում են ԱՄՆ շահերը: Դա հանգեցրեց նրան, որ Ուկրաինան սկսեց ընկալվել որպես ապակառուցողական և ապակայունացնող տարր։ Հայաստանը ոչ միայն գնում է նույն ճանապարհով, այլև կարող է կոշտ արձագանք ստանալ ոչ միայն Ռուսաստանի, այլև Իրանի կողմից։ Խոսելով Իրանի մասին՝ հետաքրքիր կլիներ լսել ՀՀ-ում Իրանի դեսպան Մեհդի Սոբհանիի մեկնաբանությունը, ով վերջերս հայտարարեց՝ Թեհրանին վստահեցրել են, որ ԱՄՆ-ի և ընդհանրապես Արևմուտքի հետ Երևանի համագործակցությունն ուղղված չէ Իրանի դեմ։
Հայաստանի իշխանությունները, ելնելով այն փաստից, որ բազմիցս ապացուցել են՝ կարմիր գծեր չունեն ո՛չ երկրի ներսում, ո՛չ էլ միջազգային ասպարեզում, թող ՀԱՊԿ ապագա նիստերից մեկին Հայաստանի ՊՆ-ից ուղարկեն հենց այդ ամերիկացի պաշտոնյային։
Երկիրը կանգնած է վիթխարի ցնցումների շեմին․․․ և ամերիկացի պաշտոնյայի հայտնվելը ՊՆ-ում այդ ցնցումների ցուցիչներից մեկն է ։
Երկիրը վիթխարի ցնցումների շեմին է… Իսկ ՊՆ-ում ամերիկացի պաշտոնյայի հայտնվելը այս ցնցումների նշաձողերից մեկն է։
Մտածե՛ք այդ մասին…»