Հայաստանը շարժվում է ուկրաինական տարբերակով. Անդրեյ Սիդորչիկ

27 Հուլիսի 2024, 01:00

Քաղաքականություն

Ռուս լրագրող, քաղաքագետ Անդրեյ Սիդորչիկը Alpha News-ին մեկնաբանել է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչ Դմիտրի Պեսկովի խոսքերը Հայաստանին ռազմատեխնիկական օգնություն տրամադրելու Եվրամիության որոշման մասին:

Փորձագետի կարծիքով՝ այն գործողությունները, որոնք այսօր իրականացնում է Հայաստանը, չեն կարող չազդել հայ-ռուսական հարաբերությունների վրա։

«Ռազմատեխնիկական համագործակցությունը երբեք բազմակողմանի չի լինում, հատկապես, երբ համագործակցում ես մի կողմի հետ, որը միաժամանակ հակադրվում է մյուս կողմին։ Ըստ այդմ, եթե դուք որոշակի ընտրություն եք կատարում և շարժվում եք այդ ուղղությամբ, ապա դա հետևանքներ է ունենում։ Իհարկե, այնպիսի գործողությունները, որոնք այսօր անում է Հայաստանը, չեն կարող չանդրադառնալ հայ-ռուսական հարաբերությունների վրա։

Ուստի Պեսկովը շատ կոռեկտ բացատրեց, որ դա չի կարող հետևանքներ չառաջացնել, սա չի կարելի դիտարկել որպես ինչ-որ չեզոք գործողություն։ Ակնհայտ է, որ Հայաստանն այսօր իր քաղաքականությամբ, անվտանգության ոլորտում իր գործողություններով, անշուշտ, շարժվում է ուկրաինական տարբերակով։ Որքան հեռու կգնա այդ գործընթացը, դա Հայաստանի ղեկավարության հարցն է, սակայն պարոն Պեսկովը շատ հստակ նշեց, որ մենք դա չէինք ցանկանա»,- ասել է Սիդորչիկը։

Քաղաքագետը միաժամանակ նշել է, որ Մոսկվան Հայաստանի նկատմամբ նախազգուշական միջոցներ է ձեռնարկում։

«Եթե խոսում ենք որևէ արմատական գործողությունների մասին, ապա Մոսկվան Հայաստանի նկատմամբ որևէ արմատական գործողություններ չի ձեռնարկում։ Ինչ-որ կտրուկ շարժումներ, որոնք հիմա տեղի են ունենում, Երևանի նախաձեռնությունն են։

Այսօրվա դրությամբ Ռուսաստանը չի կարծում, որ դա սպառնալիք է, կան բազմաթիվ այլ հարցեր։ Սակայն, համապատասխանաբար, նախազգուշական միջոցներ են ձեռնարկվում Հայաստանի գործողությունների հնարավոր շարունակման դեպքում»,- եզրափակել է Սիդորչիկը։