Հրանտ Շահինյան․ Առաջին հայ օլիմպիական չեմպիոնը
30 Հուլիսի 2024, 23:59
Alpha News-ը շարունակում է ներկայացնել «Ալֆա պերսոնա» շարքը:
Հուլիսի 30-ին հայ և խորհրդային նշանավոր մարմնամարզիկ Հրանտ Շահինյանի ծննդյան օրն է։
Մարզիկը ծնվել է 1923 թվականին Ստեփանավանի շրջանի Գյուլագարակ գյուղում։ 1930 թվականին ընտանիքը տեղափոխվել է Երևան, որտեղ Հրանտը սկսել է զբաղվել գեղարվեստական մարմնամարզությամբ, իսկ արդեն 1939-ին նվաճել է ԽՍՀՄ պատանիների բացարձակ չեմպիոնի տիտղոսը։
Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին Հրանտ Շահինյանը կամավոր մեկնել է ռազմաճակատ, ավարտել Սուխումի հետևակային դպրոցը և կռվել հրաձգային բրիգադի կազմում։ Ծառայության ընթացքում վիրավորվել է ոտքից և ստիպված է եղել որոշ ժամանակով թողնել սպորտային գործունեությունը։
Երեք տարի անց Շահինյանը վերադարձել է սպորտ և նույնիսկ ԽՍՀՄ չեմպիոն դարձել։
Միջազգային մրցումներում Շահինյանի խոշոր հաջողություններից մեկը Բուդապեշտում կայացած Երիտասարդության և ուսանողության երկրորդ համաշխարհային փառատոնում նրա ելույթն էր: Բացի այդ, մարզիկը նաև ոսկե մեդալ է նվաճել ԽՍՀՄ մարմնամարզության մրցաշարում։
1952թ-ի Հելսինկիի Օլիմպիական խաղերին Շահինյանը նվաճում է միանգամից երկու ոսկե մեդալ և դառնում օլիմպիական չեմպիոն: Նա ուժեղ էր հատկապես օղակների և նժույգթափ վարժություններում: Շահինյանի՝ առաջին անգամ կատարած հնարքը հետագայում կոչվում է հենց նրա անունով:
1958 թվականին Շահինյանն ավարտում է մարզական կարիերան և դառնում իր նախաձեռնությամբ ստեղծված Հայաստանում առաջին գեղարվեստական մարմնամարզության դպրոցի տնօրենը։
Հրանտ Շահինյանը մահացել է 1996 թվականի մայիսի 29-ին։