Փոլ Չաթեր․ Հոնկոնգի հայ արքայազնը

09 Սեպտեմբերի 2024, 23:39

Հայեր

Alpha News-ը շարունակում է ներկայացնել «Ալֆա պերսոնա» շարքը:

Փոլ Չաթերը (Խաչիկ Աստվածատուրյան) ծնվել է 1846 թվականին հայ ընտանիքում։ Դեռ մանուկ հասակում Փոլը մեծ սեր ուներ գիտելիքի և ուսման հանդեպ: Նա գերազանցությամբ ավարտել է La Martiniere դպրոցը, որը հետագայում, մեծապես իր ջանքերի շնորհիվ, դարձել է Կալկաթայի ամենահայտնի մասնավոր դպրոցներից մեկը։

Իր ջանքերի և քրտնաջան աշխատանքի շնորհիվ Փոլ Չաթերը դարձել է մուլտիմիլիոնատեր, որը միջոցներ է տրամադրել դպրոցի վերակառուցման համար՝ այն համարելով շատ կարևոր գործ։ Չաթերի անունը ներառվել է ուսումնական հաստատության հուշամատյանում և մինչ օրս հիշատակվում է սովորողների ամենօրյա աղոթքում։

18 տարեկանում նա տեղափոխվել է Հոնկոնգ՝ դառնալով ոչ միայն տեղի հայ համայնքի, այլև ողջ Հոնկոնգ կղզու ամենանշանավոր դեմքը։ Նա իր առաջին քայլերն արել է բանկում, այնուհետև աշխատել է խոշոր ընկերություններում՝ զբաղվելով ֆինանսական հարցերով և հաշվապահությամբ։ Միևնույն ժամանակ Փոլն ուսումնասիրել է Հոնկոնգի աշխարհագրական դիրքը և մշակել քաղաքի զարգացման նոր գաղափարներ։ Հենց Չաթերն է մշակել կղզին ընդլայնելու ծրագիր՝ օվկիանոսի տարածքների զարգացման միջոցով:

Փոլը դարձել է աշխարհի առաջին էլեկտրակայաններից մեկի առաջին սեփականատերը։ Այդ ժամանակ նա Հոնկոնգի օրենսդիր խորհրդի անդամ էր և Հոնկոնգի Բարձրագույն արդարադատության դատարանի հյուպատոս։ Նա 40 տարի եղել է Հոնկոնգի նահանգապետի խորհրդական:

Փոլ Չաթերը արժանացել է մի շարք շքանշանների։ Մասնավորապես, անգլիական կառավարությունը նրան պարգևատրել է Սբ. Միքայելի և Սբ. Գեորգի շքանշաններով, իսկ 1902 թ. նրան ասպետի կոչում շնորհվեց, ինչի արդյունքում նրան սկսեցին կոչել Սըր Փոլ Չաթեր։

Կարևորն այն է, որ Փոլ Չաթերը երբեք չի մոռացել իր հայկական արմատների մասին։ Նա իր ունեցվածքի մի մասը նվիրել է Կալկաթայի հայկական եկեղեցուն։ Չաթերի մահից հետո հայկական եկեղեցուն կից կառուցվել է առանձին շինություն, որը կոչվում էր «Սըր Փոլ Չաթեր տուն»։
Փոլ Չաթերը կյանքից հեռացել է 1926 թվականի մայիսի 27-ին: