ԱԱԾ պադվալը նմանատիպ ադրբեջանցիների համար է, ոչ թե հայ ազգի բարերարների կամ ընդդիմադիրների․ Կարապետյան
06 Հոկտեմբերի 2026, 12:20
Հայ ընտանիք ներխուժած և քաղաքացիական անձանց նկատմամբ բռնություն կիրառած ադրբեջանցի զինծառայողը պետք է ենթարկվի պատասխանատվության և չպետք է արտահանձնվի Ադրբեջանին։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասել է «Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանը։
«Մենք զգում ենք, որ իրենք ուզում են էլի հայերի վրա կրակած, տուն մտած, քաղաքացիական անձանց վրա կրակած մարդուն հանձնել։ Կասկածը մնալու է, բայց դա քայլ է, քաղաքական քայլ է»,- ասել է Կարապետյանը։
Նրա խոսքով՝ իշխանությունները պետք է հստակ քաղաքական գնահատական տան տեղի ունեցածին և հայտարարեն, որ նման անձին Ադրբեջանին չեն արտահանձնելու։
«Այս դեպքով մեր դիրքավորումը այսպիսին է․ այդ մարդիկ, ովքեր հայ ընտանիքի վրա, քաղաքացիական անձանց վրա ձեռք են բարձրացնում, զենք են պահում, պետք է պատասխանատվության ենթարկվեն, պետք է գնան պատասխանատվության և տասնամյակներով ընդեղ մնան։ Բանտը տենց մարդկանց համար է, ոչ թե հայ ազգի բարերարների համար է ու ոչ թե իրենց ընդդիմադիր հակառակորդների համար է»,- նշել է նա։