(EXCLUSIVE)Ադրբեջանի կողմից Արցախ ներխուժումը բխում էր նավթարդյունաբերության շահերից. Ռոբերտ Քենեդի կրտսեր

09 Հունվարի 2024, 22:30

Կարծիք | Քաղաքականություն

Ադրբեջանի կողմից Արցախ ներխուժումը բխում էր նավթարդյունաբերության շահերից, տարածաշրջանի այլ աշխարհաքաղաքական ուժերի, այդ թվում՝ Թուրքիայի շահերից ելնելով: Այս մասին Alpha News-ին ասել է ԱՄՆ նախագահի թեկնածու Ռոբերտ Քենեդի կրտսերը՝ պատասխանելով հարցին, թե համաձայն է արդյոք այն պնդմանը, որ աշխարհի հզոր երկրները մասնակից են Արցախի ցեղասպանությանը, քանի որ նրանք կարող էին շատ բան անել էթնիկ զտումները կանխելու համար, բայց այդպես էլ ոչինչ չարեցին:

«Ես կարող եմ ասել, թե ինչու է դա տեղի ունեցել: Կարող եմ ասել, որ… ես չեմ կարծում, որ դա պարզապես ներխուժում էր Ադրբեջանի կողմից։ Կարծում եմ՝ դա արվել է նավթարդյունաբերության շահերից ելնելով, տարածաշրջանի այլ աշխարհաքաղաքական ուժերի, այդ թվում՝ Թուրքիայի շահերից ելնելով, որի հետ, ինչպես գիտեք, բավականին բարդ հարաբերություններ ունենք։ Այնպես որ, ես չեմ կարող ձեզ հստակ ասել, թե ինչու է դա տեղի ունեցել, բայց գիտեք, դա այնքան էլ պարզ չէ: Ես գիտեմ, որ դուք ուսումնասիրել եք անցյալի պատմությունը և տեսել եք գաղտնի տվյալներ ԱՄՆ-ից, Ռուսաստանից և այլ երկրներից: Եվ այս գաղտնի փաստաթղթերը հստակ ցույց են տալիս, որ կա մանիպուլյացիա, մանևրումներ և մեղսակցություն շատ հզոր երկրների և ազգային կառավարությունների կողմից, ինչպես նաև նավթային հետաքրքրություն տարածաշրջանում տեղի ունեցողի նկատմամբ»,- ասել է նա:

Ինչ վերաբերում է պատերազմին, Քենեդի կրտսերը ընդգծում է՝ որպես նախագահ իր հիմնական ծրագրերից մեկը ռազմական մեքենան քանդելն է:

«Մենք հիմա 800 բազա ունենք արտասահմանում, Ռուսաստանը՝ 1-ը Սիրիայում։ Չինաստանն ունի մեկ ու կես, և այս բազաներից յուրաքանչյուրը պատերազմ է սկսում ինչ-որ մեկի հետ։ Իսկ հետախուզական ծառայությունների գործառույթը, որը հորեղբայրս շատ արագ հասկացավ պաշտոնը ստանձնելուց հետո 4 ամսվա ընթացքում, ռազմական համալիրին նոր պատերազմների մշտական խողովակաշարով ապահովելն է։ Այստեղ շահույթ կա Ուկրաինայի պատերազմից։ Եվ դրանք նույն ընկերություններն են, օրինակ՝ BlackRock-ը, State Street-ը, Vanguard-ը, որոնց պատկանում են McDonald’s-ը, Northrop Grumman-ը, Raytheon-ը, Boeing-ը։

Ինչո՞ւ պետք է ընդլայնել ՆԱՏՕ-ն: Որովհետև երբ մենք ընդլայնում ենք ՆԱՏՕ-ն, այն երկիրը, որը մտնում է դաշինքի մեջ, պետք է զենքի գնումներ կատարի ՆԱՏՕ-ի չափանիշներին համապատասխան, և դա անմիջապես նշանակում է միլիարդավոր դոլարներ այդ ընկերությունների համար։ Եվ այդ ընկերությունները և Դեմոկրատական, այնպես էլ Հանրապետական կուսակցությունների ամենամեծ սեփականատերերն են։ Այնպես որ, ես կարծում եմ, որ այստեղ անազնիվ խաղ է ընթանում: Ամերիկացիներն անընդհատ կոմիքսներ էին կարդում, գիտեք, այս մարդը սուպեր չարագործ է, ուստի մենք պետք է պատերազմ սկսենք նրա դեմ: Մեր երկրում կա քարոզչության վերահսկողություն, մամուլի վերահսկողություն։ Որպես նախագահ՝ ես պատրաստվում եմ վերջ տալ դրան և այդ գումարները վերադարձնել երկիր»,-եզրափակել է քաղաքական գործիչը: